Արարատյան ստորերկրյա ավազանը ցամաքում է ու գնում անապատացման, իսկ պատճառն այն է, որ ավելի շատ ջուր են վերցնում, քան ջրի վերականգնվող պաշարն է: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասում է քիմիկոս Սեյրան Մինասյանը:
«Ջրի վերականգնվող պաշարը մոտ 1 միլիարդ խմ է գնահատվում, իսկ իրենք վերցնում են 1 միլիարդ 800 միլիոն ստորերկյա ջուր ու հիմա շարունակվում է այդ պրոցեսը: Բացահայտ խաբում են, փետրվարին եկան ասեցին, որ Արարատյան դաշտում ջրերն իջել են, և իրոք իջել է, դրա համար Սևանից շատ ջուր պետք է վերցնենք: Սևանից թույլտվությունը վերցրին, անցավ 2 ամիս, հիմա եկել հայտարարել են, որ 112 հոր նորից բացում ենք»,-ասում է Սեյրան Մինասյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ 2014-ին ներկայացրած «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագրի տվյալների համաձայն, Մեծամորի ավազանում 303 հորից 122-ը համարվում է չորացած:
Դրանից ելնելով ՀՀ Կառավարությունը որոշել էր Սևանա լճից ջրի բացթողումը տարեկան ավելացնել 70 մլն խմ-ովˋ 170 մլն խմ-ից դարձնելով 240 մլն խմ:
Մինչդեռ անցած շաբաթ, Կառավարության նիստին որոշում կայացվեց կրկին շահագործել Արարատյան դաշտի այն 122 հորերը, որոնք համարվում էին չորացած:
Հորերից հանվող ստորգետնյա, արտեզյան ջրերը օգտագործվում են Արամավիրի և Արարատի մարզում գործող ձկնաբուծարանների համար, որնց թիվը հասնում է 267-ի: Այդ ձկնաբուծարանների համար, ընդհանուր առմամբ, շահագործում են մոտ 450 խորքային հոր ու դրա հետևանքով տարեցտարի ոռոգման ջրից զրկվում են գյուղացիական տնտեսությունները:
«Սա բացահայտ խաբեություն է: Սևանա լիճն էլ, Արարատյան դաշտն էլ Հայաստանի ամենակարևոր կենսական տարածքներն են ու երկուսն էլ ոչնչացվում են նման քաղաքականություն հետևանքով: Ջուրը, որը վերցվում է օգտագործելու համար, դրա 80 տոկոսը կորուստ է: Փոխանակ միջոցառում անեն այդ կորուստը քչացնեն, ամենահեշտ ճանապարհով են գնումˋ նոր ջուր են վերցնում: Սա պետական քաղաքականություն է՝ ոչնչացնելու Սևանան լիճը և Արարատյան դաշտի ջրային ավազանը»,-ասաց Մինասյանը:
Այն հարցին, թե ինչ լուծում պետք է տալ այս խնդրին, Սեյրան Մինասյանն ասաց, որ պարզապես ջրօգտագործման մենեջմենթը պետք է լավացվի:
«Եվ այդ գիշատիչների ախորժակը պետք է փակել»,-ասաց Սեյրան Մինասյանը: