Այսօր մեկնարկել է Արարատի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Արարատի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը և ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Արարատի մարզպետ, ՀՅԴ-ական Արամայիս Գրիգորյանը վստահեցրել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի քաղաքապետի ընտրություններն անցնեն արդար և մաքուր։ Ի պատասխան լրագրողների հարցի՝ Ա․Գրիգորյանն ասաց, որ ինքը, բնականաբար, հովանավորելու է իշխանության թեկնածուին, բայց անկախ դրանից, ըստ նրա, Հայկ Հայկյանն ունի բարձր վարկանիշ և հաղթանակի հասնելու մեծ հնարավորություններ։ Արարատի մարզպետի հավաստմամբ՝ որևէ ճնշում որևէ թեկնածուի վրա չկա և չի կարող լինել։ Ճնշումներ, ստիպողաբար այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու պահանջ, նրա խոսքով, բնակիչների նկատմամբ չկան։ Նա ընդգծել է, որ, ընդհակառակը, Արարատի ցեմենտի գործարանից ազատումներ են եղել, որովհետև աշխատակիցների մի մասը ցանկություն է հայտնել, որ ընտրությունները լինեն ազատ և արդար։ «Աշխատակիցներն իրենց նախընտրած թեկնածուի անունն են տվել, ինչը պատճառ է հանդիսացել նրանց աշխատանքից ազատելու համար»,- հայտնել է Ա․Գրիգորյանը։ Նա նշել է, որ ինքը չի կարող այդ հարցին խառնվել, քանի որ ընտրարշավը մեկնարկել է, բայց ընտրարշավից հետո, իր խոսքով, անդրադառնալու է քաղաքացիների կողմից արդեն իսկ ստացված դիմումներին։
Էմմա Պալյան