ԱԺ-ի ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում, է որ երեկ Արարատ քաղաքում տեղի ունեցան այնպիսի ընտրություններ, ինչպիսիք տեղի են ունենում Հայաստանի բոլոր բնակավայրերում:
«Եղել են բազմաթիվ խախտումներ, ընտրակաշառքներ, ընտրողներին սպառնալու դեպքեր, ընտրակեղծիքների մի ողջ բույլ: Արարատի ընտրություններում գործող իշխանությունը գործի դրեց իր բոլոր լծակները, բոլոր ռեսուրսները, հնարավոր եւ անհնարին բոլոր միջոցները, որպեսզի իր թեկնածուն անցնի »,-Araratnews-ին ասում է Զոհրաբյանը:
Նա հավելում է, որ այնուամենայնիվ, իրենք չեն բողոքարկելու ընտրության արդյունքները, քանի որ համարում են «անիմաստ»:
Հիշեցնենք, որ երեկ Արարատ քաղաքում անցկացվել էին քաղաքապետի ընտրություններ: 300 ձայնի տարբերությամբ ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանը հաղթել է ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանին:
«Եթե իշխանությունը կարծում է, որ ընտրակեղծիքների բոլոր նորարարական մեթոդները կիրառելով, ինքը հաղթանակ ապահովեց՝ գրանցելով ընդամենը 300 ձայնի առավելություն, ապա ես դա ոչ միայն հաղթանակ, այլեւ ընտրություն չեմ կարող համարել»,-հավելում է Զոհրաբյանը:
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքերով` Հայկ Հայկյանը ստացել է 4 544, Սամվել Բարսեղյանը ` 4 214 ձայն: 160 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Քվեարկությանը մասնակցել է ընտրողների հիմնական ցուցակի 67 տոկոսից ավելին: