Արդեն գրել ենք, որ նախօրեին՝ դեկտեմբերի 18-ի գիշերն անհայտ անձը կամ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am-ի խմբագրություն: Ըստ նախնական ենթադրության, չարագործները փորձել են որոշ փաստաթղթեր և տեղեկություններ վերցնել:
Անդրադառնալով կատարվածին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց հետևյալը.
«Այս պահին դժվար է վերջնական գնահատական տալ, սակայն մեկ բան հստակ է, որ խմբագրություն ներխուժելը պարզապես գողության նպատակ չէր հետապնդում, քանի որ գրասենյակներից որևէ իր չի բացակայում»: Պատգամավորի տեղեկությամբ, «տակնուվրա» են արել լրագրողների, խմբագրակազմի թղթներն ու նյութերը:
Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ տեղի ունեցածը արագ կբացահայտեն իրավապահները, քանի որ կատարվածը դարի հանցագործություն չէ: Ինչ վերաբերում է միջադեպի առնչությամբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշմանը, ԲՀԿ-ական պատգամավորը տեղեկացրեց, որ ինքն արդեն դատապարտել է կատարվածը, ինչի առնչությամբ շուտով պաշտոնապես կհրապարակվի հանձնաժողովի անդամների, նախկին լրագրող-պատգամավորների համատեղ հայտարարությունը:
«Ես իմ ֆեյսբուքյան էջում առաջին դատապարտող հայտարարությունն արդեն արել եմ»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը: