ՄԻՊ գրասենյակի դիմաց երեկ Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները բողոքում էին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից: Ըստ ցույցի մասնակիցների, շուրջ 2000 աշխատակից ունեցող ատոմակայանի ավելի քան 500 մասնագետներ դիմել են ՀՀ միգրացիոն ծառայություն՝ քննություն հանձնելու միջուկային անվտանգությունից եւ պատրաստվում են նույն աշխատանքը կատարել Ռուսաստանում և Պարսկաստանում՝ 3-4 անգամ ավելի մեծ գումարով, քան իրենց աշխատավարձն էր մինչև պահումներ անելը: Araratnews.am-ն այս հարցի շուրջ զրուցել է Գարիկ Զարգարյանի հետ, ով ևս ատոմակայանի աշխատակից է: Նա ասել է, որ լուրը համապատասխանում է իրականությանը, ու մեկնել ցանկացողների թիվն այնքան մեծ է, որ միգրացիոն ծառայությունում դիմումների ընդունումը դադարեցվել է, քանի որ պահանջված քանակից մի քանի անգամ ավելի շատ դիմողներ են եղել: Իսկ հարցին, թե ի՞նչի հետևանքով են որոշել այսպիսի կտրուկ քայլերի դիմել, Զարգարյանն ասել է, որ երկրում տիրող իրավիճակը իրենց այլ ելք չի թողնում, ու չուզելով՝ արտագաղթի ճամփան են բռնում:
«Ամեն մեկս վարկեր ունենք, որ հազիվ էինք կարողանում փակել, կուտակայինի պահումներից հետո արդեն անհնար է դառնալու, ի՞նչ կարող ենք անել: Մենք սիրում ենք մեր հայրենիքը, շատ չէ, թող կեսով բարձրացնեն մեր աշխատավարձը, որ մնանք, մեր գիտելիքներն ու փորձն էլ ի շահ Հայաստանի օգտագործենք»,- եզրափակեց Զարգարյանը: