Արևմտյան Ավստրալիայում շնաձկների մոտենալու մասին բնակիչները կարող են տեղեկանալ Twitter-ի միջոցով: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Գիտնականները համապատասխան սարքեր են տեղադրել մոտ 320 շնաձկների վրա, որպեսզի հետևեն նրանց տեղափոխությանը՝ առափնյա շրջաններում: Երբ շնաձուկը գտնվում է ափից մեկ կիլոմետր հեռավորության վրա, սարքը սկսում է ահազանգել, և twitter-ի Surf Life Saving Western Australia էջում հայտնվում է հաղորդագրություն` լողափից օգտվողների համար:
Բացի այդ, ավստրալացիները տեղեկություն են ստանում շնաձկան տեսակի և չափի մասին: Մասնագետները նշում են, որ այս միջոցն ավելի արդյունավետ է, քան ռադիոն և թերթերը: