Հայաստանի ավիափոխադրումների ոլորտի ազատականացումը կամ «Բաց երկնքի քաղաքականությունը» երևի թե պատմության մեջ մնա որպես էական դրական նշանակություն ունեցող միակ ճիշտ որոշումը, որ կայացրել է գործող կառավարությունը: Որոշումը հեշտ չկայացվեց. իշխանության մեջ բազմաթիվ խմբեր շահագրգռված էին նախկին կոռուպցիոն սխեմաների պահպանմամբ: Արդյունքը չափազանց ոչ էֆեկտիվ վիճակն էր` բարձր գներով ու չվերթների անհարմար ժամերով:
Ազատականացումը կամ «Բաց երկնքի քաղաքականությունը» նշանակում է, որ ազատության բազմակողմանի իրավունքներ են տրամադրվում բոլոր հետաքրքրված երկրներին` առանց փոխադրողների քանակի, թռիչքների, տարողունակության, ուղղության և գների նկատմամբ որևէ սահմանափակումների: Սա ենթադրում է, որ չվացուցակների հաստատում պետք չէ, և ցանկացած փոխադրող, որը ցանկանում է Հայաստանից դուրս և դեպի Հայաստան թռիչքներ իրագործել, կարող է դա անել:
Ազատականացնելու որոշման դեմ հանդես եկավ միայն հանրային խորհրդի ենթահանձնաժողովներից մեկի ղեկավար Վազգեն Սաֆարյանը` այն էլ լղոզված տեքստերով, ինչպես նաև քաղավիացիայի գլխավոր վարչության պետը (սա հասկանալի է, քանի որ հենց այդ վարչությունն էր նախկինում սահմանափակումներ սահմանողը): Բարեբախտաբար այս մի դեպքում իշխանությունն իր մեջ ուժ գտավ ճիշտ որոշում կայացնելու և կոռուպցիոն սխեմաներից հրաժարվելու համար:
Նախնական հետազոտությունների համաձայն` տնտեսության վրա ավիափոխադրումների ոլորտի ազատականացման դրական ազդեցությունը նշանակալի կլինի: Մասնավորապես, ակնկալվում է, որ ներկա իրավիճակի համեմատությամբ` «Բաց երկնքի քաղաքականության» բարեհաջող իրագործումը մոտակա 3-4 տարիների ընթացքում հետևյալ արդյունքային ցուցանիշներին կբերի`
— 0.3-0.4 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով ՀՆԱ-ի աճի ապահովում (1-2%),
— 18,000 մինչև 23,000 նոր աշխատատեղերի ստեղծում հիմնականում օդագնացության և զբոսաշրջության ոլորտներում,
— 20-25%-ով ուղևորների քանակի աճի ապահովում,
— տոմսերի միջին գների մոտ 10% նվազման ապահովում, ընդ որում` որոշակի ուղղություններով կլինի գների առավել մեծ նվազում` պայմանավորված ավելացած մրցակցությամբ:
Ակնկալվում է, որ դեպի Հայաստան և Հայաստանից դուրս թռիչքների քանակը կսկսի ավելանալ արդեն 2014-ի կեսերից: Այնպես որ, շուտով բոլորս այս կամ այն կերպ կզգանք ազատականացման դրական հետևանքները:
Հայկ Մանուկյան