տուն Հասարակություն Ավագանու անդամի պատասխանը Գեղամ Մանուկյանին՝ աղբի սաբոտաժի մասին

Ավագանու անդամի պատասխանը Գեղամ Մանուկյանին՝ աղբի սաբոտաժի մասին

941
0

Երեկ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր՝ մեծ ֆուրով աղբ են թափել՝ Երևանն աղտոտված ցույց տալու համար: Ավագանու անդամը երևույթը «սաբոտաժ» էր անվանել։

Ի պատասխան Սարգսյանի տեսանյութի՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը գրել էր, որ աղբի սաբոտաժի սենսացիայի փուչիկը կարծես պայթել է և խոստացել մանրամասներ։

Araratnews.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը մանրամասնեց, թե ինչ է նկատի ունեցել՝ «սաբոտաժ» գրելով։

«Ես կուզեի ճշտել՝ «սաբոտաժ» բառի իմաստը արդյոք ճի՞շտ են ընկալում նման բաներ ասողները։ Սաբոտաժը մարդու ուղիղ պարտականությունները չկատարելն է, միտումնավոր կամ թերի կատարելն է։ Տեսանյութից հետո մենք շատ երկար խոսել ենք վարորդի հետ։ Ֆուրը վրացական համարներով էր, եթե դա լիներ մանիպուլյացիա, վստահեցնում եմ՝ վրացական համարներ չէր թողնվի մեքենայի վրա, ինչպես ներկայացնում են»,- ասաց Սարգսյանը։

Ավագանու անդամը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ է կատարվել վերջին օրերին․ «Վերջին մեկ շաբաթում քաղաքացիներն ինձ տեղեկացրել են, որ տեսել են Քանաքեռում, Մասիվում տարբեր մակնիշի մեքենաներ՝ «Ֆորդ», «Գազել», «Զիլ», աղբը մաքրելուց որոշ ժամանակ անց բերում են և մեծ քանակությամբ աղբ են լցնում։ Ու մենք արդեն մի քանի գիշեր փորձում ենք հասկանալ, թե ոնց է դա տեղի ունենում կամ տեղի ունեցել։ Երեկ տեղի է ունեցել հետևյալը․ աղբահանության հիմնարկի տնօրենը (Արթուր Գրիգորյանը.- խմբ․) զանգահարեց ինձ և ասաց, որ արձանագրել են՝ ֆուրից աղբ են թափում չնախատեսված վայրում, որից հետո ես մոտենում եմ տեղանք, անում եմ լայվը։ Նորից եմ ասում՝ «սաբոտաժ» բառի իմաստը սխալ են մեկնաբանում։ Ես չեմ կարծում, որ Վրաստանի քաղաքացին իր քաղաքում կբերեր, կթափեր աղբ չնախատեսված վայրում։ Խնդիրն այն  է, որ հիմա փորձում են քաղաքականացնել հարցը, այլ ոչ իրական նայել։ Մենք չգիտենք՝ այդ ֆուրից առաջ միգուցե ուրիշ ֆուր էլ է դատարկել աղբն այդտեղ։ Ու դա ստեղծում է մի վիճակ, որ աղբը չի մաքրվում։ Եթե մարդը տաներ աղբը ճիշտ վայրում թափեր, նման խնդիր չէր առաջանա, նման արտահայտություն չէր լինի։ Սաբոտաժը պարտականությունների ուղիղ կամ մասնակի չկատարումն է»,- շեշտեց ավագանու անդամը։

Այսինքն՝ գրածն այլ կե՞րպ է մեկնաբանվում․ «Այո, այլ կերպ են մեկնաբանում կամ քաղաքականացնելով են մեկնաբանում»։

Դիտարկմանը՝ Գեղամ Մանուկյանը պնդում է, որ սաբոտաժի փուչիկը պատռված է և նոր մանրամասներ է խոստանում, սո՞ւտ է խոսում. «Կախված նրանից՝ ինչ պրիզմայով են նայում։ Եթե կարծում են, որ իմ ասած «սաբոտաժ» բառի մեջ կա ինչ-որ միտք, որով ասում եմ՝ ինչ-որ ուժեր բերում են հատուկ աղբ լցում, և 2, 3, 4, 5 կգ թափածը ներկայացվում է, թե տեսեք ինչ է կատարվում, բնական է, որ դա պիտի ներկայացվի որպես փուչիկ, բայց եթե որպես գիտակից մարդ հասկանում ես «սաբոտաժ» բառի իմաստը, քո մոտ էդ հարցերը չեն առաջանում։ Մարդը բերում է, չնախատեսված վայրում թափում է աղբը, որ վաղը լրագրողը կամ քաղաքացին տեսնելու է և, չիմանալով, թե որտեղից է գոյացել այդ աղբը, մտածելու է՝ աղբը չի մաքրվել։ Եթե աղբը թափվեր համապատասխան վայրում, նման խոսակցություն չէր լինի»,- եզրափակեց Սարգսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here