Երևան քաղաքի մի շարք կենտրոնական փողոցներում ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են կասկածելի տարօրինակ հաճախականությամբ, այնինչ մի շարք ծայրամասային և փոքր փողոցներ մնում են տարիներով անտեսված: Խոսքը վերաբերում է Արշակունյաց, Ծովակալ Իսակով, Աբովյան փողոցներին, որոնց նորոգման աշխատանքները առաջացրել են մի խումբ քաղաքացիների դժգոհությունը:
Ինչո՞ւ է քաղաքապետարանը հսկայական գումարներ ծախսում բարեկարգ փողոցների վրա, որոնք կարող էին դեռևս 3-4 տարի ծառայել` անտեսված թողնելով ծայրամասերում գտնվող առավել փոքր փողոցները և բակային տարածքները:
Առավել փոքր և նեղ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար ավելանում են կազմակերպության ծախսերը, քանի որ այս փողոցները գտնվում են առավել անմխիթար վիճակում, և վերանորոգման համար անհրաժեշտ է իրականացնել հարթեցման և հիմքերի լցման մի շարք փուլային աշխատանքներ: Մեծ և բարեկարգ փողոցների դեպքում ընդամենը քերվում է ասֆալտի վերևի շերտը, և այլ հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվում: Տնտեսագետ Դավիթ Գևորգյանը այս առնչությամբ ասում է. «Համոզված եմ նաև, որ մեծ փողոցներն ասֆալտապատելիս ֆիկտիվ գրվում են նաև հարթեցման և հիմքերի լցման աշխատանքներ, բայց բնականաբար չեն կատարվում»:
Տնտեսագիտության մեջ հայտնի «մասշտաբի էֆեկտը» հնարավորություն է տալիս առավել խոշոր ծավալի հիմնանորոգման աշխատանքները իրականացնել առավել ցածր ինքնարժեքով: Այսինքն՝ մեծ փողոցների դեպքում աշխատանքների իրականացման գինը պետք է նշանակալիորեն ցածր լինի: Հարց է առաջանում` որքանո՞վ է դա գործել, օրինակ, Արշակունյաց փողոցի դեպքում:
Արշակունյաց պողոտայի ծածկի հիմնանորոգման շինարարական աշխատանքների համար ծախսվել է 620 մլն ՀՀ դրամ, որով հիմնանորոգման է ենթարկվել 95,4 հազար քառ. մետր տարածք: Արդյունքում ստացվում է, որ 1 քառ. մետրի համար ծախսվել է մոտ 6500 դրամ, ինչն արդեն իսկ բարեկարգ վիճակում գտնվող փողոցի ասֆալտը քերելու և նորից փռելու համար բավական բարձր գին է: Համեմատության համար կարող ենք նշել, որ յուրաքանչյուր անհատ քաղաքացի սեփական տան բակը բարեկարգելու համար 1 քառ. մ համար ծախսում է առավելագույնը 4500 դրամ: Ընդ որում, այս գումարը ներառում է տարածքի հարթեցումը, հիմքերի լցման աշխատանքները, վերին ծածկի պատրաստումը, իսկ Արշակունյաց պողոտայի դեպքում ընդամենը քերվել է վերին շերտը և կրկին անգամ փռվել: Ստացվում է, քաղաքապետարանը նվազագույնը 200 մլն դրամ գումար «շռայլել» է նորոգման աշխատանքներ իրականացնող «Շինֆորում» ՍՊԸ-ին:
Տնտեսագետ Դավիթ Գևորգյանը նաև ավելացում է. «Քերված ասֆալտի վերամշակումից հետո հնարավոր է այն նորից վաճառել: Մի փողոցից քերված ասֆալտով կարելի է ծածկել դրա տարածքի միջինում 75%-ի չափով տարածք, և 1 քառ. մ-ի համար քերված ասֆալտը վաճառվում է 1500 դրամով: Բարեկարգ փողոցներ ասֆալտապատելու մյուս պատճառն էլ դա է: Այն լրացուցիչ շահույթ ստանալու հնարավորություն է տալիս: Իսկ թե ուր են գնում այդ ահռելի գումարները՝ կարող եմ միայն ենթադրել: Միայն Արշակունյաց պողոտայի հետ կապված կարող եմ ասել, որ նշված 620 մլն դրամից իրական ծախսերը վերջում կազմել են 200 մլն դրամից ոչ ավելի»:
Նշենք նաև, որ մեր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանը Աբովյան և Արշակունյաց փողոցների ասֆալտապատումը հիմնավորում է նրանով, որ վերոնշյալ փողոցների տակով անցնում են բոլոր տեսակի ստորգետնյա կոմունիկացիոն հաղորդուղիները, որոնցում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող վթարները պարտադրում են շահառու կազմակերպություններին («ՀԷՑ», «Երևան Ջուր», «ԱրմենՏել», «ԵրևանԳազ») հնարավորինս շտապ իրականացնել ստորգետնյա հաղորդուղիների հիմնանորոգման աշխատանքներ, որի պատճառով հաճախակի գոյանում են նստվածքներ և փոսեր: Այստեղից հետևում է տրամաբանական հարց՝ ինչո՞ւ է քաղաքապետարանը թույլ տվել, որ տվյալ կազմակերպություններն իրենց գործունեության արդյունքում փչացնեն հանրային գույքը և դրա համար պատասխանատվություն չկրեն, և ինչո՞ւ է քաղաքապետարանը իրականացնում ամբողջ փողոցի վերին ծածկի նորոգում, երբ խոսքն ընդամենը տեղային նստվածքների և փոսերի մասին է:
Սոնյա Մսրյան