Մասնագիտական առումով ասեղի միջոցով մարդուն ՁԻԱՀ-ով վարակել հնարավոր չէ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանըˋ անդրադառնալով այսօր մամուլով տարածված այն լուրերին, թե Ռուսաստանից Հայաստան ներխուժած կազմակերպության անդամները ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով շրջում են մարդաշատ վայրերում և ծակելով մարդկանց` վարակում ՁԻԱՀ-ով:
Ժանետա Պետրոսյանը ապատեղեկատվություն եւ անհեթեթություն է համարում «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանի տարածած այդ հաղորդագրությունը:
«Ասեղով գործնականում հնարավոր չէ վարակել: Իսկ ներարկիչի դեպքում այլ է, երբ թմրամոլները վարակվում են միմյանցից: Ներարկիչի մեջ կա արյան բավարար քանակ եւ կենդանի վիրուս, որով հնարավոր է վարակել, բայց միայն ասեղով հնարավոր չէ մարդուն ծակել ու վարակել: Վիրուսը ինքը անկայուն է, արտաքին միջավայրում շատ շուտ ոչնչանում է եւ ասեղի վրա այդքան չի կարող լինել արյան քանակություն, որը բավարար լինի մարդուն վարակելու համար»,- պարզաբանում է Ժանետա Պետրոսյանը:
Անդրադառանալով հայտարարության մեջ նշվածին, թե արդեն 4 ամիս է, ինչ այս կազմակերպությունը գործում է Հայաստանում, Ժանետա Պետրոսյանը դա նույնպես համարեց անհեթեթություն:
«Մենք չենք ունեցել մի մարդ, ում նման հասարակական վայրերում ինչ-որ մեկը նրան ծակած լինի ու եւ էդ կասկածանքով դիմի մեր կենտրոն հետազոտության համար: Նման բան չկա»,- հավելում է Պետրոսյանը։