տուն Մամուլ «Առավոտ». Ոչ մի նախագահ ընդդիմության պահանջով հրաժարական չի տա

«Առավոտ». Ոչ մի նախագահ ընդդիմության պահանջով հրաժարական չի տա

89
0

aravot«Նախագահի անհապաղ հրաժարականի պահանջն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1992-ի ամռանը։ Հանրահավաքներից մեկի ժամանակ ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանը՝ փաստելով, որ իշխանությունների ապաշնորհ քաղաքականության պատճառով թշնամու արկերն ընկնում են Հայաստանի տարածքի վրա, հայտարարեց, որ հետևաբար նախագահ Տեր-Պետրոսյանի՝ իշխանության մնալու ամեն մի ժամն ու րոպեն կործանարար հետևանքներ կունենան մեր երկրի համար։ Մոտավորապես նույն ժամանակներում լուսահոգի Տիգրան Հայրապետյանը հոդված էր գրել, որը կոչվում էր «Նախագահական ցուգցվանգ», որտեղ ապացուցվում էր, որ նույն առաջին նախագահը ոչ մի լավ քայլ չունի, և ամեն մի քայլ բերելու է իրավիճակի վատթարացման։

Ուզում եմ ասել՝ թե փաստարկները, թե ձևակերպումները 21,5 տարում չեն փոխվել, և դա օբյեկտիվ հիմք ունի. Հայաստանը երբև երանելի, անվտանգ վիճակում չի եղել և տեսանելի ապագայում, ցավոք, չի լինի՝ դրսից, ներսից եղել են, կան և կլինեն մահացու սպառնալիքներ, որոնք պարբերաբար հարցականի տակ կդնեն մեր պետության գոյությունը։ Ընդդիմությունը մշտապես ասել և ասելու է, որ սպառնալիքներն առաջանում են իշխանության ապաշնորհ քաղաքականության պատճառով, և միակ ելքը նախագահի հրաժարականն է։ Կարող եք չկասկածել՝ ով էլ լինի Հայաստանի 4-րդ նախագահը, և երբ էլ նա զբաղեցնի այդ պաշտոնը, դրանից ամենաշատը կես տարի անց ընդդիմությունը կհայտարարի, որ վիճակն աղետալի է, և կպահանջի այդ նախագահի անհապաղ հրաժարականը։

Ես այդ 21,5 տարիների ընթացքում միշտ այդ պահանջներին դեմ էի, բայց ոչ այն պատճառով, որ մեր երեք նախագահներն անթերի են և մշտապես, բոլոր իրավիճակներում ճիշտ որոշումներ են ընդունել։ ճիշտ հակառակը՝ երեքն էլ կոպիտ սխալներ են գործել։ Թերևս դրական առումով կառանձնացնեի առաջին նախագահին, որը մինչև 1994 թվականի մայիսը երկիրը տարավ շատ նեղ և միակ հնարավոր «միջանցքով»։ Բայց ահա զինադադարից հետո, երբ եկավ պետական շինարարության ժամանակը, նա գնաց ուժային, «սապոգային» ճանապարհով՝ հիմք դնելով այսօրվա արատավոր համակարգին։

Ես հրաժարականներին դեմ եմ երկու պատճառով։ Առաջինն այն է, որ անարդարության, կոռուպցիայի, թալանի համակարգը, որը եղել է և կա Հայաստանում, պայմանավորված չէ նախագահի անձով։ Համակարգը գործում է այն պատճառով, որ մենք ունենք շատ քիչ քաղաքացիներ, մենք ունենք բնակչություն և իշխանություն։ Ընդդիմադիրները մոլորության մեջ են, երբ կարծում են, որ Բաղրամյան 26-ը «գրավելով»՝ նրանք կփոխեն իրավիճակը։ Իսկ արտաքին հարվածների ուժգնությունը ուղիղ արտացոլումն է պետական համակարգի թուլության։

Երկրորդ պատճառն ավելի պրագմատիկ է՝ ոչ մի նախագահ ընդդիմության պահանջով հրաժարական չի տա։ Այդ պահանջը միայն վնաս է բերում ընդդիմությանը, որովհետև նույն շախմատային լեզվով ասած՝ տեմպի կորուստ է, երբ դու առաջ ես քշում քո ֆիգուրը, հակառակորդը հակաքայլ է ձեռնարկում, և դու ստիպված ես այդ ֆիգուրը նույն տեղը դնել։ Քո դիրքը մնում է նույնը, իսկ մրցակցիդ դիրքը լավանում է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here