Մեր ժողովրդի մեծամասնությանը դուր է գալիս «ռաբիս» երաժշտությունը, մարդիկ մի երկու բաժակ ընդունելով՝ սկսում են լաց լինել, եթե երգում խոսքը չբավարարված սիրո մասին է, կամ վեր են թռնում ու սկսում են պարել, երբ սիրային ճակատում ամեն ինչ բարեհաջող է։ Ժողովրդի մեծամասնության ճաշակը ես չեմ կիսում և, հակառակը, կարծում եմ, որ իմ պարտքն է ոչ թե հիանալ, ասենք, Սպիտակցի Հայկոյով, այլ, դեմ գնալով համընդհանուր ճաշակին, քարոզել ավելի բարձրաճաշակ երաժշտություն։
Մեր ժողովրդի մեծամասնությունը վախենում է, որ թուրքերը մեզ վրա կհարձակվեն ու մեզ կոչնչացնեն, և այդ պատճառով վստահ է, որ մենք պետք է հավերժ ապրենք «ռուսի շվաքի տակ»։ Ես այդ վախը և վստահությունը չեմ կիսում, ավելին՝ փորձում եմ մարդկանց համոզել, որ չի կարելի տասնամյակներով ապրել նման բարդույթներով ու նախապաշարումներով։ Իհարկե, ավելի ձեռնտու կլիներ ինձ համար հայհոյանքներ և հոխորտանքներ ուղղել «դարավոր ոսոխի» հասցեին։
Մեր ժողովրդի մեծամասնությանը դուր էր գալիս, երբ ՀՀՇ-ականները ջարդել էին ԳԽ նախագահ Հրանտ Ոսկանյանի գլուխը, երբ Ալբերտ Բաղդասարյանը սպառնում էր Լևոն Տեր-Պետրոսյանին «ռումինական տարբերակով» գնդակահարությամբ ), երբ Գառնիկ Իսագուլյանը առաջարկում էր կախել իշխանավորներին, երբ ԱԺՄ-ականները տապալեցին Ազգային ժողովի պարիսպը և հարձակվեցին խորհրդարանի ղեկավարների վրա, երբ Շանթը որի անկեղծությանը, ի դեպ, չեմ կասկածում) սպառնում էր գրավել պետական շենքերը, ինչպես նաև փայտերով ու պայթրուկներով երթ էր կազմակերպել։ Ժողովրդին այդ ամենը դուր է գալիս այն պարզ պատճառով, որ այս 22 տարիների ընթացքում ու դրանից առաջ էլ իշխանությունն իրեն խիստ բացասաբար է դրսևորել՝ այն ծայրաստիճան կոռումպացված է և լպիրշ, որ վերը թվարկած (ինչպես նաև բազմաթիվ այլ՝ չթվարկած) դրսևորումները ժողովրդի «սիրտը հովացնում են», գուցե նաև լիցքաթափում են բացասական էներգիան։
Ինձ այդ ամենը դուր չի գալիս, որովհետև ինձ համար ակնհայտ չէ այն սահմանագիծը, որը կա «արդար ընդվզման» և խուլիգանության, բռնության կոչերի և նույնիսկ ահաբեկչության միջև։ Չէ որ Նաիրի Հունանյանը նույնպես «ճիշտ էր ասում»՝ բղավելով, որ իշխանությունը ծծում է ժողովրդի արյունը, կամ՝ որ նրա պատճառով Հայաստանում ընտրություններ տեղի չեն ունենում։ Գուցե նրա նյարդերն է՞լ էին պարզապես տեղի տվել և, չտեսնելով օրինական պայքարի ձևերը, նա գնաց մարդասպանության։ Դուք չե՜՞ք տեսնամ ագրեսիվ հռետորաբանության, հաշվեհարդարի սպառնալիքների, «անմեղ ակցիաների» և, մյուս կողմից, այս ահաբեկչության, նաև՝ հնարավոր նոր ահաբեկչությունների պատճառահետևանքային կապը։ Ուստի այստեղ էլ ես գերադասում եմ «ժողովրդի սրտով չգնալ» և զգուշացնել, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել մեր հասարակական և քաղաքական գործիչների անսահման պոպուլիզմը։ Գումարած, իհարկե, իշխանության՝ իրավիճակին ոչ ադեկվատ պահվածքը։
Ժողովրդի մեծ մասը նաև սիրում է փողոցում հարցնել ինձ՝ «բա ե՞րբ է լավ լինելու»։ Ինձ այդ հարցն էլ ակնհայտորեն դուր չի գալիս»,–գրում է թերթի խմբագիրը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։