տուն Քաղաքական Առաջին գրոհը պետության դեմ սկսվել է Քոչարյանի օրոք. պատգամավոր

Առաջին գրոհը պետության դեմ սկսվել է Քոչարյանի օրոք. պատգամավոր

506
0

Պատգամավոր Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Առաջին տեղեկատվական գրոհը պետության դեմ սկսվեց Քոչարյանի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց մի քանի ամիս անց։ Տեր-Պետրոսյանի քթի տակ Տիգրան Նաղդալյանի, Ալիկ Հարությունյանի և Արմեն Արզումյանյանի կողմից ստեղծվեց Կայմ հեռուստաընկերությունը, որը տոտալ գրոհի սկսեց ենթարկել թուլացած և հյուծված իշխող ուժի մեծ մասին։ Արդյունքում 1996-ի հայտնի ընտրական և հետընտրական իրադարձություններից հետո իշխանության տեր-պետրոսյանական թևի մանթրաշը և դրա հետևանքով կադրային մի քանի անթույլատրելի սխալները (Սերժ Սարգսյանին ԱԱԾ և ՆԳՆ նախարարի պաշտոնում նշանակումը) թույլ տվեցին տեղեկատվական շատ հմուտ հնարքներով ամրացնել վոյինի դիրքերը և Արցախի հարցի կարգավորման անվան տակ տեղի ունեցավ հեղաշրջում՝ այնուհետև պետության բռնազավթում։

Երկրորդ գրոհը 1998թ․ նախագահական ընտրությունների երկու փուլերում հավասարապես նույն հանցագործ խմբակի կողմից ծավալվեց նախագահի միակ ընդդիմադիր իրական թեկնածու Կարեն Սերոբի Դեմիրճյանի նկատմամբ։ Թե երրորդ տեղում հայտնված Վազգեն Մանուկյանը և թե չորրորդ հորիզոնական զբաղեցրած Արտաշես Գեղամյանը դավաճանեցին Կարեն Սերոբիչին, որի հետևանքով աննկարագրելի տեղեկատվական հարձակումների պապարտ հող ստեղծվեց։ Այսօրվա պես հիշում եմ Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերը, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես է Կարեն Դեմիրճյանն անձամբ սպանում Պարույր Սևակին և Մինաս Ավետիսյանին։

Երրորդ գրոհը սկսվեց հոկտեմբերի 27-ից հետո։ Ռոբերտ Քոչարյանի նախագահական ապարատի և շրջապատի մասնակցությամբ ամեն օր տեռորի էր ենթարկվում Վազգեն Սարգսյանի ընտանիքն ու այն ամենը ինչը այս կամ այլ կերպ կապված էր սպարապետի և նրա եղբոր՝ Արամ Զավենի Սարգսյանի կողմից ստեղծված Հանրապետություն կուսակցության հետ։ Տիգրան Նաղդալյանի գլխավորությամբ ամեն օր ամենաանթույլատրելի որակումներով ոչնչացվում էր հոկտեմբերի 27-ին դաժանաբար սպանվածների հիշատակը։ Տեղեկատվական տեռորը շարունակվեց հոկտեմբերի 27-ի ամբողջ դատավարության շրջանում և 2003 թվականի նախագահական երկու փուլերի և խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում։

Չորրորդ տեղեկատվական գրոհը Մարտի 1-ի նախորդող և հաջորդող ժամանակաշրջանն էր, երբ նախագահական նստավայրից և դատախազությունից կառավարվող բոլոր հեռուստաալիքները ամենաանթույլատրելի միջոցների գործադրմամբ քարոզչություն էին իրականացվում ընդդիմադիր թեկնածու Տեր-Պետրոսյանի, նրան աջակցող քաղաքական ուժերի և Ազատության հրապարակում գիշերուզօր հերթապահող քաղաքացու նկատմամբ։ Այստեղ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հաշվարկները չարդարացան, որովհետև ավանդական պայքարի միջոցները չաշխատեցին և DVD-ների քարոզարշավն ու թերթային իրականությունը հաղթեցին կեղծիքի և ստի մեջ խարխափող հեռուստատեսային իրականությանը։ Արդյունքում տեղի ունեցավ Մարտի 1-ը։
Հինգերորդ գրոհը 2015-ին էր՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի և նրա առաջնորդած շարժման, որը ստացել բուրժուադեմոկրատական շարժման անվանումը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի թեթև ձեռքով։

Վեցերորդ գրոհի փորձը 2018-ին էր, բայց ֆեյսբուքը թույլ չտվեց, որ նախկին հնարքները գործի դրվեն և համացանցը հաղթեց մեկ կենտրոնից ղեկավարվող հեռուստաընկերություններին և մամուլի մյուս միջոցներին։

Բայց այս ամենից կարևորը ստի, կեղծիքի համատարած մերժումն էր։ Հայաստանի քաղաքացին բնական իմունիտետ էր ձեռք բերել տեղեկատվական սուտ քարոզչության նկատմամբ և դա էր պատճառը, որ սկզբում Սերժ Սարգսյանի հավաստումները, որ ինքը սահմանադրական փոփոխություններից հետո ոչ մի պաշտոնի չի հավակնելու, այնուհետև վարչապետի պաշտոնում առաջադրումը, ուղղակի ունեցավ հեղափոխական հետևանք։ Մարդիկ ոչ միայն մերժեցին Սերժ Սարգսյանին և նրա ողջ իշխանական հանրապետական միահեծան իշխանությունը, այլև այն ամենը ու բոլորին, ով կամ ովքեր գեթ մեկ անգամ քոչարյանասերժական ռեժիմի հետ համագործակցության փորձ են ունեցել՝ մաս կազմելով կեղծիքի և ստի իշխանական կոալիցիաներին։

Այսօր, տեղեկատվական հերթական գրոհը սկսվել է համավարակի տարածման ամենաակտիվ փուլում։ Հիմա ինչ որ մարդկանց թվում է, որ սանձազերծվող տեղեկատվական գրոհները կարող են ազդել քաղաքացու իմունային համակարգի վրա։ Այո, ցանկացած պատերազմում հաղթելու համար հակառակորդի բանակում խուճապի ու հուսահատության հաստատումը ճակատամարտում հաղթանակի գրավականն է։

Էս օտարին ծախված հավաքագրված դավաճաններին թվում է, որ համավարակի պայմաններում սեփական ժողովրդին այդպիսի հարձակումների ենթարկելը, դիմադրողունակությունից զրկելը, առանց անհրաժեշտ քաղաքական պայքարի և սոցիալական բազայի՝ օգտվելով բացառապես համավարակի ընձեռած հնարավորությունից, կարելի է քաղաքական հեղաշրջման հարց լուծել։

Վստահ եմ, որ հերթական ձախողված տեղեկատվական արշավի ականատեսն ենք։ Օբյեկտիվորեն իշխանությունը բազմաթիվ բացթողումներ ունի, և այս պայմաններում միակ մոբիլիզացիան ոչ թե պետք է տեղի ունենա կոնկրետ անձանց և ուժերի շուրջ, այլ հեղափոխության։

Հեղափոխությունն ու հեղափոխական հռչակումներն են միակ պաշտպանիչ վահանը՝ ստեղծված խառնակ ժամանակներում ճիշտ կողմնորոշվելու, սրբազան հայրենիքի և հայկական պետականության պաշտպանության գործին ոչինչ չխնայելու միակ ու լավագույն միջոցը»: