Առաջին անգամ Հայաստանն այս տարի սկսել է կարտոֆիլ արտահանել: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ թեև արդեն 2 տարի է՝ կարտոֆիլի ցեց է նկատվել մարզերում, սակայն արագ արձագանքման շնորհիվ հնարավոր է եղել Արարատյան դաշտի վաղահաս կարտոֆիլի արտադրության ծավալները պահպանել ու մի մասն էլ արտահանել:
«Այս տարի մշակաբույսերի արտահանման ծավալներն էականորեն աճել են: Որոշ մշակաբույսերի դեպքում 2-3 անգամ աճ է եղել, բացառություն է դեղձը, որի արտահանումը պակասել է:
Բանջարեղենի արտադրության ցուցանիշը անցած տարի կազմել է 848.9 հազար տոննա, այս տարի՝ 868.3 հազար տոննա (օպերատիվ տվյալներով): Բանջարեղենի արտադրության մեջ միայն լոլիկի արտադրության պակաս ունենք»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ լոլիկի ականող ցեցը բաց դաշտերում զգալի վնաս է հասցրել բերքատվությանը: Բերքատվության վրա ազդել է նաև Արարատյան դաշտի կարկտահարությունը: