Հունիսի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրքհալտերը, ով տարածաշրջանային այցով գտնվում է Անդրկովկասում, հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին։ Հիշեցնենք, որ Շվեյցարիան ներկայում նախագահում է ԵԱՀԿ-ում։
«Մենք գիտենք, որ մի քանի ամսում հնարավոր չէ ամեն ինչ փոխել, լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, որի վերաբերյալ մենք այսօր առավոտյան անցկացրել ենք և դեռ կանցկացնենք քննարկումներ։ Կարգավորումը ժամանակ է պահանջում։ Ես նաև այստեղ եմ ժամանել, որպեսզի հասկանամ տարբեր դիրքորոշումները և, հնարավոր է, ճանապարհներ գտնենք բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար․․․
Առաջացել է անհրաժեշտություն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում անցկացնելու համար։ Առաջարկվել է այն կազմակերպել Փարիզում, մենք աջակցում ենք այդ առաջարկին։ Այդ հանդիպումը կարող է նոր ելակետ լինել բանակցությունների համար։ Բանակցային գործըթնացը պետք է ընթանա մադրիդյան սկզբունքների հիման վրա», — ասել է Շվեյցարիայի նախագահը։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։