Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկությունը և Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցություն համաձայնությունը, Երևանի ավագանուն առաջարկել եմ «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհել հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանին՝ երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի, երկարամյա անբասիր աշխատանքով Երևանի մշակութային զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար։
Ապրիլի 25-ին Մաեստրոն կդառնա 96 տարեկան, իսկ ապրիլի 28-ին Երևանի ավագանին իր հերթական նիստում կքննարկի նշանավոր կոմպոզիտորին «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելու հարցը։ Այսօր Երևանի ավագանու Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այս հարցին տվեց դրական եզրակացություն»։