Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն։ Հաղորդում է Habertürk-ը։
«Եթե նույնիսկ Թուրքիան և Հայաստանը վերականգնեն դիվանագիտական հարաբերությունները, ապա առանց Հարավային Կովկասում խաղաղության այդ հարաբերությունները ցանկացած պահի կարող են խզվել», — նշել է նա։ Դավութօղլուն նաև ասել է, որ այսօր տարածաշրջանում հաստատված են ամուր կապեր Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև։ Նրա խոսքերով, եթե հաշվի չառնենք Մոսկվայի և Երևանի հարաբերությունները, ապա կարելի է ասել, որ Հայաստանը մեկուսացման մեջ է։
«Պաշտոնական Անկարան կողմ չէ այսպիսի իրողությանը, սակայն եթե Հայաստանը մտադիր է դուրս գալ այս մեկուսացումից, ապա պետք է ազատի Ադրբեջանի «օկուպացված տարածքները»», — ասել է Դավութօղլուն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Թուրքիայի արտգործնախարարը ժամանում է Երևան, որտեղ մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության նախարարների խորհրդի նիստին։