90-ականների կեսից սկսած Հայաստանի արտաքին առևտրի առյուծի բաժինը ընկնում էր Եվրամիության երկրներին: Եվ միայն անցյալ տարի` 2013-ին, առաջին անգամ վերջին մոտ 20 տարվա մեջ ԱՊՀ երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրում զգալի գերազանցեց ԵՄ երկրներին:
Այսպես` Հայաստանի ողջ ապրանքաշրջանառության (ներմուծումն ու արտահանումը միասին) մոտ 30%-ը 2013-ին բաժին ընկավ ԱՊՀ երկրներին և 27.8%-ը` ԵՄ երկրներին: ԱՊՀ երկրների տեսակարար կշիռը 2012-ին մոտավորապես հավասար էր ԵՄ երկրների տեսակարար կշռին (առաջինը` 29.6%, երկրորդը` 29.1%): Իսկ դրանից առաջ` 90-ականների երկրորդ կեսից սկսած, ԵՄ տեսակարար կշիռը զգալիորեն գերազանցում էր ԱՊՀ-ի կշռին:
Այնուամենայնիվ` եթե համեմատում ենք Ռուսաստանն ու ԵՄ-ն, Ռուսաստանը ԵՄ-ի համեմատ դեռևս ավելի փոքր տեղ է զբաղեցնում մեր արտաքին առևտրում (24.3% 2013-ին` ԵՄ-ի 27.8%-ի պարագայում): Ավելին` Մաքսային միության երկրները միասին վերցրած ևս ավելի քիչ տեսակարար կշիռ ունեն: ԱՊՀ մասնաբաժինը մեր արտաքին առևտրում գերազանցում է ԵՄ-ին` Ուկրաինայի շնորհիվ (այս երկրի տեսակարար կշիռը 4.1% է եղել 2013-ին):
Հայկ Մանուկյան