Այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունեցել միջազգային սեմինար, որի ժամանակ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Գարկունն արել է մի շարք հետաքրքիր հայտարարություններ:
Նա ասել է, որ ԱՊՀ բոլոր երկրները պատրաստվում են վերանայել ԵԱՀԿ-ի հետ համագործակցոթյունն ընտրությունների ժամանակ, քանի որ այդ կազմակերպությունները գործում են կրկնակի ստանդարտներով. «Քանի որ ԵԱՀԿ-ն, երբ հարցը վերաբերում է ԱՊՀ երկրներին, շեղվում է ժողովրդավարության սկզբունքներից և կրկնակի ստանդարտներով է գործում: Վերջին տարիներին շատ դեպքերում ԵԱՀԿ-ն ցուցաբերել է կողմնակալ վերաբերմունք ընտրությունների ժամանակ, որոնք վերաբերում են ԱՊՀ երկրներին, և հայտարարում էր, որ դրանք չէին համապատասխանում միջազգային չափանիշներին: Մենք մեկ անգամ չէ, որ մեր արևմտյան գործընկերներին ասել ենք, որ անհրաժեշտ է մշակել միջազգային ստանդարտների միասնական ձև, և միայն դրանից հետո կարելի է ասել, թե արդյո՞ք դրանք համապատասխանում են չափանիշներին, թե ոչ», -ասել է Գարկունը` նշելով, որ ԱՊՀ երկրներում ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության պայմաններում: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը: