տուն Լուրեր Աշոտ Տոնոյանը միակ «մեղավորը» չէր. «Տոնուս»-ից տուժածների հարցը դեռևս լուծում չի ստացել

Աշոտ Տոնոյանը միակ «մեղավորը» չէր. «Տոնուս»-ից տուժածների հարցը դեռևս լուծում չի ստացել

85
0

tonus-1

Օրեր առաջ մահացավ «Տոնուս» ընկերության սեփականատեր Աշոտ Տոնոյանը: Ինչպես հայտնի է՝ նրան պատկանող ընկերությունից տուժած բազմաթիվ քաղաքացիներ արդեն մեկ տարուց ավելի է՝ չեն կարողանում տեղ հասցնել իրենց բողոքը: Ինչպիսի ընթացք կստանա գործը սեփականատիրոջ մահվանից հետո: Araratnews.am-ի հետ զրույցում տուժած բնակիչներից Աննա Մկրտչյանն ասաց, որ միայն Աշոտ Տոնոյանը չէ , որ գործի հետ առնչություն ունի:

«Աշոտ Տոնոյանը, եթե անգամ ողջ լներ, չէր կարող մեր գործին օգուտ բերել: Կարծում եմ, իր բացակայությունը գործի վրա չի ազդի, որովհետև շենքը գրավ է դրված «Արցախբանկ»-ում: «Արցախբանկ»-ի հետ արդեն մեկ տարուց ավել է դատարաններում ենք: Կառավարության դուռն ենք գնում, որպեսզի այս հարցի լուծումը գտնենք: Էս գործում մենակ ինքը չի մեղավորը, ինքը ունի հաշվապահ, ունի գործադիր տնօրեն, պատասխանատու անձինք, որ էդ շինարարությունը վերջնական տեսքի բերեին»,- ասաց նա:

Ըստ Աննա Մկրտչյանի՝ տեղեկություններ կան, որ այսօր պետք է լիներ «Արցախբանկի» բաժնետերերի հավաքը: Նրանք հույս ունեն, որ այդ հավաքից հետո ինչ-որ բան հայտնի կլինի: Բնակիչների մեծ մասը այսօր պետք է հավաքվեին «Արցախբանկի» բաժնետեր Հրաչ Կապրիելյան «ԱՎԻ» ժամացույցների գործարանի դիմաց՝ բողոքելու, քանի որ արդեն երկրորդ ամիսն է լրանում, ինչ նրա հետ հանդիպել են բնակիչները, բայց գործին ընթացք չի տրվել:

«Մեկ տարուց ավելի է՝  հարցին լուծում տալու համար դիմել ենք նախագահին: Նա խոստացավ, որ լուծում կտրվի, բայց ինչ ձևով, ես չգիտեմ: Կառավարությունը մեզ ուղղորդեց ֆինանսների նախարարություն:  Բացի այդ՝ մենք գնացել էինք նաև նախագահի կեցավայր: Մեզ կրկին խոստացել էին, որ 10 օրվա ընթացքում հարցին լուծու կտրվի, ինչ-որ բան կարվի: Ժամանակն անցավ, ոչ մի քայլ էլ չարվեց: Դա միտումնավոր բան էր, որ մեզ բոլորիս նախագահի կեցավայրի մոտից հավաքեին, տանեին, որպեսզի նախագահը դուրս չգար ու տեսներ, լսեր մեր բողոքը»,- եզրափակեց Ա. Մկրտչյանը: