Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց ՀԴՄ-ների ազատականացմանը վերաբերող նախագիծը։
Զեկուցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ ազատականացման գործընթացը սկսվել է նախորդ տարվա նոյեմբերից, և այս տարվա վերջին կան կազմակերպություններ, որոնք արդեն պատրաստ կլինեն Հայաստան բերել ՀԴՄ սարքեր։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ կազմակերպությունների առաջ մի նախապայման է դրված, որ սարքերը կատարելու են նաև պոստ-տերմինալի ֆունկցիա։
«ՀԴՄ ՊՈԱԿ-ն ունի 100 ՀԴՄ, բայց ունենք 10000 ՀԴՄ-ի կարիք»,- նշեց Անանյանը։
Վարչապետը հետաքրքրվեց՝ արդյոք ուսումնասիրվել է շուկան՝ ինչու այդքան ՀԴՄ-ի պահանջարկ կա։
«Դա գների իջեցմա՞ն հետ էր կապված, գործարար ակտիվությա՞ն հետ էր կապված, ստվերի կրճատմա՞ն, թե՞ բոլորը միասին»,- հարցրեց վարչապետը։
«3 հիմնական պատճառ․ առաջինը՝ իրավական ակտի ուժով, այսինքն՝ 2019-ի հունվարից նաև փոքր ու միջինի հարկ վճարողների վերջին խումբը ևս պիտի պարտադիր կիրառեր նոր ՀԴՄ սարքերը։ Երկրորդը՝ նոր տնտեսվարողների գրանցվելը և հաշվառվելը»,- արձագանքեց Անանյանը։
Փաշինյանն ընդգծեց, որ սա ռազմավարական հարց է․ «Կանխիկի շրջանառությունը կրճատելու և, ի վերջո, կանխիկի շրջանառությունը վերացնելը ռազմավարական խնդիր է,- ասաց նա՝ կատակելով,- այսօր աշխարհում կան մուրացկաններ, որ կանխիկ դրամաշրջանառություն չունեն»։