Թեև աշխարհի առաջին կին դեսպան ընդունված է համարել Ալեքսանդրա Կոլոնտային, որը 1923-1952 թթ. եղել է ԽՍՀՄ դեսպանը Նորվեգիայում, Մեքսիկայում և Շվեդիայում, բայց դա այնքան էլ այդպես չէ:
Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Դիանա Աբգարը Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում՝ 1920-ին, այսինքն` 3 տարի ավելի շուտ, պարզապես նրա կյանքի ու գործունեության մասին տեղեկությունները քիչ են հայտնի:
Ի դեպ, ժամանակակիցների վկայությամբ` նա այնքան տպավորիչ արտաքին ու հմայք է ունեցել, որ երբ մտել է պաշտոնական վայրեր և դահլիճներ, բոլորն ակամա ոտքի են կանգնել…
Դիանան, որի իսկական անունը Անահիտ է, իսկ օրիորդական ազգանունը`Աղաբեկյան, ծնվել է Արեւելյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում (այժմ` Յանգոն), բարեկեցիկ ընտանիքում:
Իրականում Դիանայի անունը Դայանա է, բայց քանի որ ինքը` Աբգարը, իր անունը հայերեն գրել է Դիանա, այժմ ընդունվում է այդ տարբերակը: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ:
1890-ին Աբգարը ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի (Մայքլ Աբգար) հետ, որն էլ կանխորոշել է օրիորդի հետագա կյանքի ընթացքը: Զույգը մշտական բնակություն է հաստատել Ճապոնիայի Կոբե քաղաքում: Այստեղ Միքայելը զբաղվում էր մետաքսի վաճառքով, ինչպես նաեւ Հնդկաստանից Ճապոնիա եւ Ճապոնիայից Հնդկաստան տարբեր ապրանքների ներմուծման եւ արտահանման գործով: Նա հիմնեց առեւտրական ձեռնարկություն եւ բացեց «Great Eastern» հյուրանոցը:
1906-ին` իր ամուսնու անակնկալ մահից հետո, Դիանա Աբգարը շարունակել է ընտանեկան գործը` մինչ որդու չափահաս դառնալը: Այնուհետեւ նրա ընտանիքը տեղափոխվել է Ճապոնիայի ամենաբանուկ նավահանգիստներից մեկը` Յոկոհամա, որը գտնվում էր Տոկիոյից 30 կմ հեռավորության վրա: Այստեղ Դիանան բացել է ընդարձակ վաճառատուն, որը առեւտուր էր կատարում Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ: Շուտով նրա ընտանիքը մեծ առանձնատուն է գնում Յոկոհամայի Յամատե թաղամասում, որի հյուրընկալ դռները միշտ բաց են եղել ինչպես օտար բարձրաստիճան անձանց, այնպես էլ հայ գաղթականների առաջ:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին եւ նրա տարիներին Դիանա Աբգարը հանդես է եկել հայ ժողովրդին նվիրված դասախոսություններով, հոդվածներով, աշխատակցել է Յոկոհամայի «The Japan Gazette» անգլալեզու ճապոնական թերթին: Այդ թերթի հրատարակչությունում նրա անգլերեն հրատարակած գրքերից են` «The Truth About the Armenian Massacres»-«Ճշմարտությունը հայության ջարդերի մասին» (1910), «The Case of the Armenians»-«Հայկական հարցը», Betrayed Armenia-«Դավաճանված Հայաստան» (1912), «In His Name»-«Իր անունով» (1911), «The Peace of Europe»-«Եվրոպայի խաղաղությունը», «The Peace Problem»-«Խաղաղության հարցը» (1912), «Peace and No peace»-«Խաղաղություն եւ ոչ խաղաղություն» (1912): Նա նաեւ կատարել է ժամանակի հանրահայտ «Թայմս», «Ֆիգարո» եւ այլ թերթերի ու ամսագրերի պատվերները` գրելով հոդվածներ Արեւելքի երկրների տնտեսության վերաբերյալ: Բացի հայերենից ու անգլերենից` Դիանան տիրապետել է նաեւ հնդկերենին, ճապոներենին ու չինարենին:
Դիանան նաեւ բանաստեղծություններ է գրել, որոնք լույս են տեսել եվրոպական ու ամերիկյան մամուլում: Նրա վերջին գործը եղել է «From the Book of One Thousand Tales», «Stories of Armenia and its People»-«Հազար պատմվածքների գրքից», «Հայաստանի ու նրա մարդկանց պատմությունները» պատմվածքների ժողովածուն, որը 2004-ին ԱՄՆ-ում հրատարակել է նրա թոռնուհին` Լուսիլ Աբգարը: Ճիշտ է, դրանք գեղարվեստական գրվածքներ են, սակայն բոլորն էլ իրական հիմք ունեն եւ ներկայացնում են հայ ժողովրդի կյանքն իր հայրենիքում: Աբգարը դրանք լսել եւ գրի է առել Ճապոնիա հասած հայ փախստականներից:
Դիվանագետը լավատեղյակ էր ինչպես հայ ժողովրդի ծանր վիճակի, այնպես էլ եվրոպական երկրներից տրվող օգնության պակասի մասին: Ճապոնացի ուսումնասիրող Հիդեհարու Նակաջիմայի խոսքերով` «Դիանա Աբգարը, 46 տարի ապրելով հեռավոր Ճապոնիայում, միակ հայ կինն էր, ով լիովին տիրապետում էր միջազգային իրավիճակին»: Նա ամեն ինչ արել է Եվրոպայի օգնությունը կազմակերպելու ուղղությամբ, բայց ապարդյուն:
Դիանան ցանկանում էր, որ ԱՄՆ-ն խնամակալ պետություն դառնա Հայաստանի համար, որը նույնպես, ինչպես գիտենք, տեղի չունեցավ: Արդյունքում` կատարվեց ամենաահավորը. Դիանայի հայրենակիցները, հայ ժողովրդի ստվար զանգվածը զոհ գնաց թուրքական յաթաղանին: Հենց այդ ժամանակ իր կրթությամբ, հարստությամբ ու հայրենասիրությամբ մեծ համբավ ու հեղինակություն վայելող Դիանան դրսեւորեց իր մեծ սերն ու հարգանքը հայ ժողովրդի հանդեպ: Նա փորձում էր ամեն կերպով օգտակար լինել ազգակիցներին ու Հայաստանին, որտեղ, ի դեպ, երբեք չէր եղել: Եվ դա նրան հաջողվեց: Դիանան կարողացավ օգնել բազմաթիվ հայ գաղթականների, ովքեր Սիբիրի եւ Ճապոնիայի վրայով փորձում էին անցնել ԱՄՆ:
Ասում են, որ Ճապոնիայում միշտ էլ հայերի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք են ունեցել, եւ անժխտելի է Դիանա Աբգարի մեծ ավանդը հայ-ճապոնական բարիդրացիական հարաբերությունների կայացման գործում:
1919 թվականին Դիանան մասնակցել է Խարբինում (Չինաստան) կայացած Սիբիրի եւ Ծայրագույն Արեւելքի հայերի համաժողովին, որտեղ նրան ընտրել են պատվավոր նախագահ: 1920 թվականի հուլիսի 2-ին Դիանա Աբգարը նշանակվել է Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ եւ գլխավոր հյուպատոս Ծայրագույն Արեւելքում, Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ճապոնիայում: Պահպանվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանի նամակը Դիանա Աբգարին` վերջինիս հյուպատոս նշանակելու մասին: Նամակում Օհանջանյանը շնորհակալություն է հայտնում նրանից նորածին հայրենիքի շահերը պաշտպանելու եւ հայրենակիցների ծանր վիճակը թեթեւացնելու համար:
Դիանա Աբգարի` դեսպան նշանակվելուց հետո Ճապոնիան դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը` հեշտացնելով տիկնոջ մարդասիրական գործունեությունը եւ փախստականներին տրվող օգնությունը: Նրա հովանավորությունն են վայելել նաեւ Սինգապուրի եւ Ինդոնեզիայի հայերը:
Ճիշտ է, Դիանա Աբգարի գործունեությունը ոչ միշտ է գնահատվել ճապոնացիների եւ, հատկապես, հայերի կողմից, բայց Ամենայն Հայոց Գեւորգ Ե կաթողիկոսը, ըստ արժանվույն գնահատելով Աբգարի գործունեությունը, 1926-ին արժանացրել է նրան հատուկ կոնդակի` հայ ժողովրդի շահերին ծառայելու եւ դժվար պահերին նրա կողքին լինելու համար:
Դիանա Աղաբեկի Աբգարը մահացավ 1937 թվականի հուլիսի 8-ին, Յոկոհամայում: Նրա աճյունն ամփոփվեց տեղի օտարերկրացիների գերեզմանատանը`ամուսնու շիրիմի կողքին: Այսօր Աբգարի շիրիմը գտնվում է Տոկիոյում գործող ճապոնա-հայկական բարեկամության խմբի հոգածության տակ:
Քաղաքամայր երևանի զբոսայգիներից մեկը կանվանակոչվի Դիանա Աբգարի անունով: