Աշխարհի 80-ից ավելի երկրների առաջնորդներ կժամանեն Փարիզ՝ սեպտեմբերի 30-ին մասնակցելու Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակի արարողությանը: Այդ մասին հայտնել Է France Presse-ը:
Հաղորդվում է, որ Փարիզ կժամանեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան, Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանը, Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը եւ ուրիշներ:
Փարիզի Սեն Սյուլպիս տաճարում կայանալիք արարողությանը ներկա կլինեն Հորդանանի Աբդալա Երկրորդ թագավորը եւ Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին: Շիրակի մերձավորների ու ազգականների ներկայությամբ անցկացվելիք հիշատակի արարողությունը կգլխավորի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Սպասվում Է նաեւ Շիրակի դարաշրջանի քաղաքականության ներկայացուցիչների ներկայությունը, որոնց թվում են՝ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, Իսպանիայի կառավարության նախկին ղեկավար Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը:
Araratnews.am-ը Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից տեղեկացավ, որ Հայաստանից հուղարկավորմանը մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նշենք,ո ր սեպտեմբերի 30-ը Ֆրանսիայում հայտարարված Է ազգային սգո օր: Պետական հիմնարկությունների դրոշները խոնարհված են: Կեսօրին Ելիսեյան պալատում ճաշկերույթ կկազմակերպվի ի պատիվ Ֆրանսիա ժամանած՝ երկրների ղեկավարների եւ նշանավոր քաղաքական գործիչների։