«Ուսումնական տարվա ավարտի և բուհերի ընդունելության մասին» թեմայով անցկացվող ուղիղ եթերի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ բուհ ընդունվելու համար դիմորդից կպահանջվի հանձնել ընդամենը մեկ քննություն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջարկներ է ստացել բուհերից, դրանք վերջնական չեն, կքննարկվեն եւ արդեն օրեր անց՝ ապրիլի 30-ին, հայտնի կլինի, թե որ մասնագիտության համար որն է լինելու միակ քննական առարկան։
Պարզելու համար, թե ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում ինչ առաջարկներ են եղել ընդունելության համար մեկ առարկայի ընտրության հետ կապված, AraratNews.am-ը կապ է հաստատել ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության տեխնիկական գիտությունների թեկնածու, ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս Քելյանի հետ:
ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալը AraratNews.am-ի թղթակցի այն հարցին, թե որ առարկան է առաջարկվել ֆակուլտետի կողմից, մասնավորապես պատասխանեց.
«Ֆակուլտետը չորս մասնագիտությամբ է ընդունելություն կազմակերպում. Երկրաբանություն, Աշխարհագրություն, Քարտեզագրություն և կադաստրային գործ, Սերվիս: Երկրաբանության հետ կապված՝ առաջարկվել է կամ մաթեմատիկա, կամ էլ ֆիզիկա, Աշխարհագրության, Քարտեզագրության ու կադաստրային գործի բաժիններում՝ աշխարհագրություն, իսկ Սերվիսում՝ աշխարհագրություն կամ հայոց պատմություն»:
Օլյա Շահինյան