տուն Հասարակություն Իրավական Աննա Դանիբեկյանին հարցեր ուղղած երիտասարդներից մեկն ազատ է արձակվել կալանքից

Աննա Դանիբեկյանին հարցեր ուղղած երիտասարդներից մեկն ազատ է արձակվել կալանքից

255
0

Մարտի մեկի գործը քննող  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին  փողոցում հարցեր տալու, այդ ընթացքը տեսանկարահանելու ու այն հրապարակելու գործով անազատության մեջ Սարգիս Օհանջանյանի խափանման միջոցը փոխվել է։ Նա ազատ է արձակվել Վարդաշեն ՔԿՀ-ից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Գնում ենք Վարդաշեն ՔԿՀ, որ Sargis Ohanjanyan-ին տանենք տուն: Հուսով եմ մինչև Նոր Տարի նաև Նարէկ Մութաֆէան-ը կլինի տանը: ✊?»։

Հիշեցնենք, որ երեկ «Ֆեյսբուքյի» իր էջում փաստաբան Արամ Վարդևանյանը գրել էր․

«Վատ եղանակային պայմանները` անձնական ազատության իրավունքի վերականգնման համար խոչընդոտ չեն!!! Բացառիկ մասնագետ և միջազգային որակի դատավոր ունենք ի դեմս Վազգեն Ռշտունու!!! Սարգսի Օհանջանյանը այսօր կլինի իր զավակի կողքին։ Իմ վերաքննիչ բողոքը բավարարվեց»։


Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով Նարեկ Մութաֆյանին ու Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով: Քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատարան նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել էր։