Եթե մարդն ապրում է Ղարաբաղում, ինձ համար ինքը բարեկամ է։ Նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Արցախի հերոս, նորաստեղծ «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մասին։
Հարությունյանը նշեց, որ ոչ մեկի հետ խնդիր չունի Ղարաբաղում. «Քաղաքական առումով մեր նպատակը նույնն է, բայց ունենք տարբեր ճանապարհներ»։
Խոսելով Սամվել Բաբայանի համար նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում մերժելու մասին՝ Արայիկ Հարությունյանն ասաց․ «Անկախ ինչպիսի դիրքորոշում էլ գրավեր պառլամենտը, ինքը հնարավորություն չէր ունենալու այդ օրակարգում տեղավորվելու, և մասնակցելու, դրա համար ինքն ընտրել է մյուս ճանապարհը՝ կուսակցություն է ստեղծել, կուսակցությամբ է մասնակցելու, որը մենք ողջունում ենք։ Պառլամենտական ընտրությունների արդյունքները ոչ պակաս կարևոր են, ինչ-որ տեղ ավելի կարևոր են, քան նախագահականինը, ինքն էլ գիտակցում է այդ ամենը և գնում է պառլամենտում նշանակալի մանսակցություն ունենալու ճանապարհով»