տուն Քաղաքական Տոնի սիմվոլիկայի և պետական հայեցակարգի զուգահեռներում

Տոնի սիմվոլիկայի և պետական հայեցակարգի զուգահեռներում

329
0

hraparak hamerg

Անկախության քսաներկու տարիների ընթացքում հայաստանյան իշխանությունները, քաղաքական ու ինտելեկտուալ էլիտան այդպես էլ չկարողացան ձևավորել հստակ գաղափարախոսական ու քաղաքացիական հայեցակարգ:  Վերջին տարիներին հիմնականում հանրապետական կուսակցության «ինտելեկտուալ» ակտիվի կողմից տարվող կեղծ նժդեհականության քարոզչությունը չափազանց հեռու է համընդհանուր գաղափարախոսական հիմք կամ հայեցակարգ դառնալու համար: Որքան էլ տարօրինակ է, հենց այդ հայեցակարգի ու  գաղափարախոսական հենքի բացակայությունը ակնհայտորեն դրսևորվում է անգամ տոնախմբությունների կազմակերպման ժամանակ: Նման խնդրի  մենք ականատես դարձանք սեպտեմբերի քսանմեկին, երբ Նունե Եսայանի մենահամերգի վրա էր դրված անկախության օրվա տոնականության ապահովման ողջ պատասխանատվությունը, ինչը բավական լայն դժգոհության ալիք առաջացրեց մամուլում և սոցցանցերում: Սակայն խնդիրն այստեղ առավելապես ոչ թե Նունե Եսայանն է, այլ հանդիսության կազմակերպիչ օղակի պարզունակ մոտեցումը: Անկախությունն ինքը խորհրդանշական  տոն է, որը նշելու ամբողջ գործընթացը պետք է որ համեմված լիներ նույնատիպ սիմվոլիկայով, սակայն պարզվում է` երգչուհու երգացանկում առկա ժողովրդական ու ռազմահայրենասիրական կատարումները լիովին բավարարում են պատկան օղակներին անկախության խորհրդանշանակությունը շեշտելու համար: Ժողովրդավարական խորը արմատներ ունեցող երկրներում` Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, համազգային տոնակատարությունները ունեն գրեթե հստակ կանոնակարգված սյուժե և բովանդակություն, որի մեջ էլ արտացոլվում է կոնկրետ տոնի ողջ սիմվոլիկան: Անգամ ամբողջատիրական Խորհրդային Միությունում ցանկացած տոնակատարություն ուներ իր հստակ ծրագիրը, հեղինակներին, կատարողներին, որոնք և դառնում էին տոնի սիմվոլներ: Սակայն հայաստանյան իրականության մեջ Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժեհամակարգի բացակայությունը բերել է  նրան, որ որևէ տոն այդպես էլ չի ունենում և չի կարող ունենալ հստակ դիմագիծ: Հենց այստեղ էլ ծնվում է տոնակատարության արարողության բուտաֆորային բնույթը, ինչը բերում է տոնի բովանդակության նսեմացմանը: Կոնկրետ սեպտեմբերքսանմեկյան «մենահամերգի» պարագայում անկախության ամբողջ բովանդակությունը ամփոփվեց ռազմահայրենասիրական-ժողովրդական երգարվեստի հետ աղերսներ ունեցող մի քանի կատարումների մեջ: Սա բավական խորքային խնդիր է, որի լուծումը դրված է երկրի քաղաքական, մշակութային էլիտայի վրա և մինչ օրս իր լուծմանն է դեռ սպասում:

Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here