ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ վարչապետի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու մի շարք կառույցների հետ համատեղ ամիսներ շարունակ ձգվող աշխատանքի շնորհիվ պատմական Անի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող տարածքի մուտքի ռեժիմը փոփոխվելու է եկող տարվանից, որի արդյունքում հայ մարդը և երկիր եկող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան հայկական կողմից ավելի հեշտությամբ մուտք գործել տարածք: Խոսքը Խարկով գյուղի սահմանի բացման մասին է:
Նույն նիստի ժամանակ մարզպետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հայրենի հողին անմնացորդ նվիրումի և երկարամյա անխոնջ աշխատանքի համար Շիրակի մարզի Նորշեն գյուղի բնակչուհի Վահանդուխտ Մխիթարի Մելքոնյանին հանձնել է շնորհակալագիր և 500 հազար դրամ դրամական պարգև։
Վահանդուխտ Մելքոնյանը սահմանային Նորշեն բնակավայրում ապրում է 60 տարուց ավել, վերջին տարիներին Նորշենի միակ բնակիչն է, սակայն իրեն մենակ չի զգում, ամենապաշտպանվածն է համարում և չնայած արդեն 83 տարեկան է՝ զբաղվում է հողագործությամբ և մեղվապահությամբ: Պարգևը ստանալուց տատիկն հուզվեց ու նշեց, որ այսպիսի ուշադրության առաջին անգամն է արժանանանում: