Կառավարության այսօրվա նիստին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց Պետեկամուտների կոմիտեի 2020-2024 թվակաների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին հարցը։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագծին դեմ արտահայտվեց՝ շեշտելով՝ քանի դեռ հարկային համակարգի բարեփոխումները չկան, թե ինչպես պետք է իրականացվեն այդ քայլերը, և պարզ չէ, թե ինչ ներդաշնակեցման խնդիր են լուծում։
Վարչապետն էլ նկատեց՝ որ հնարավոր չէ միանգամից այնպիսի ռազմավարություններ ընդունել, որ հարյուր տոկոսով իրար ներդաշնակվեն։
Ջանջուղազյանը նշեց, որ առաջարկվում է գումար հատկացնել Գյումրու ավտոմաքսատան կամ արտաքին տնտեսական գործունեության՝ ԱՏԳ-ի կառուցման աշխատանքների համար և ժամանակին այս ծրագրի իրականացման գնահատականը տրվել է 2.2 մլրդ դրամ, հիմա նույն նպատակի համար մտադիր են հատկացնել արդեն 6.2 մլրդ դրամ։
Ըստ Ջանջուղազյանի՝ սա մի բեռ է, որի տակ իրենք չեն ցանկանում մտնել։
Վարչապետն ասաց, որ ավտոմաքսատան և, առհասարակ, ԱՏԳ-ի կառուցման նպատակն այն է, որ քաղաքացին որևէ ապրանք արտահանելիս կամ ներմուծելիս մի տեղանքում իր բոլոր գործերն անի և ոչ թե մի տեղից մյուսը գնա շարունակ։
«Դրա համար առաջարկում ենք ուղղակի էստեղ կանգ առնել, հնարավոր է՝ շինարարության սառեցման համար ինչ-որ միջոցներ պահանջվեն, էդ միջոցները դնել, որպեսզի էս կատարված նեդրումները չփոշիանան, ձեռնպահ մնալ միլիարդներով կանխավճարներ տալուց և որոշումներ կայացնել արդեն էս հարցերի պատասխանները տալուց»,- ասաց Ջանջուղազյանը։
Անանյանը նշեց, որ համաձայն չէ Ջանջուղազյանի ասածներից ոչ մեկի հետ․ «Մենք կառուցել ենք 6 հեկտարի վրա, բայց մենք ունենալու ենք 21 հեկտարի վրա էդ ԱՏԳ-ն, պարոն վարչապետ, ու եթե չշարունակենք կառուցել, մենք կունենանք կիսատ մի կառույց, որը հետո պակաս շահագործման արդյունքում կարող է պիտանի չլինել»։
Փաշինյանն իր հերթին առաջարկեց մինչև իր կողմից վերջնական ստորագրելը նորից քննարկեն, որպեսզի հասկանան։
Ջանջուղազյանի խոսքով՝ կարիքը պետք է ձևակերպեր Էկոնոմիկայի նախարարությունը և եթե չի ձևակերպել, ուրեմն կարիքը չկա, և խորհուրդ տվեց սպասել։
Անանյանը չհամաձայնեց՝ նշելով, որ այդպես պահպանողական էլ առաջ չեն գնում։
Ջանջուղազյանն էլ արձագանքեց․ «Դե եկեք անօրինական գործողություններով իրավական կոչեր անենք, եկեք բռնության մասին կես ժամ քննարկում ունենանք, բայց փոխարենը մենք ինքներս մեզ թույլ տանք անօրինական գործողություններ իրականացնել, պարոն Անանյան։ Դա կստացվի, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»։
Այս ամենին Փաշինյանն ավելացրեց, որ պետք չէ 50 տարի սպասել, հարկավոր է առաջ գնալ։ Նա նաև հավելեց, որ չկա որևէ նախարարության մի աշխատող, ով կարիքները հստակ կարողանա ձևակերպել։