Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հայտնեց այն տեսակետը, որ մենք՝ հայերս, անկախությունը դժվար ենք վաստակել և պետք է գնահատենք այդ ինստիտուտը: Նրա խոսքով՝ այն քայլերը, որոնք կարող են կասկածի տակ դնել անկախությունը, մեղմ ասած, դավաճանություն կլինեն: 1991 թվականին հայ ժողովուրդն «այո» ասաց անկախությանը և արյունով շաղախեց այն: Անահիտ Բախշյանը ներողություն խնդրեց երիտասարդ սերնդից, որ նրանք չեն ժառանգել ավելի կայուն անկախություն: Հանդիպմանը ներկա էր նաև Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ում խոսքով՝ մեր հայրենիքն այն է, ինչ մենք կարողացել ենք պատրաստել: 91-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաստատեց իր անկախությունը և հավելեց նաև, որ իրենք ավելի ազատ երկիր են տալիս, որտեղ հնարավորությունները շատ մեծ են: