Հարսնաքարի գործով հերթական դատական նիստը սկսվեց։ Այս նիստի ընթացքում պետք է ճառով հանդես գային տուժող կողմի ներկայացուցիչները, սակայն նիստի սկզբում հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը, հայտարարելով, որ Վահե Ավետյանի հետ անմիջական կոնտակտի մեջ ի՛նքն է եղել և մարմնական վնասվածքներ ի՛նքն է հասցրել։ Նա խնդրեց դատարանից՝ իրեն լրացուցիչ ցուցմունք տալու հնարավորություն տալ։ Նորայր Հայրապետյանի պաշտպանը հայտարարեց, որ սա անակնկալ հայտարարություն էր իր համար, և խնդրեց 5 րոպե ընդմիջում։ Դատական նիստը շարունակվում է։
Դատարանը վերադարձավ նախաքննության փուլ։ Նորայր Հայրապետյանը տվեց նոր ցուցմունք, որում նշեց, որ Վահե Ավետյանին հարվածել է, այնուհետև շրջվել է, որ տեսնի ինչ է կատարվում, Վահե Ավետյանը կողքից խփել է իրեն։ Այնուհետև կռիվ է սկսվել իր և Վահե Ավետյանի միջև։ Ըստ Հայրապետյանի՝ Վահեն վերջում ընկած է եղել գետնին, սակայն դեռ տեսնում և լսում էր։ Հայրապետյանը նշեց նաև, որ կոնտակտի մեջ եղել է միայն ինքը, և ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իր վրա։ Այս պահին Հայրապետյանին հարցեր է ուղղում մեղադրող կողմը, տուժող և պաշտպանվող կողմի ներկայացուցիչները հարցեր չունեին։
Լրացված
Նորայր Հայրապետյանը սկզբունքայնորեն հրաժարվեց պատասխանել տուժող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանի բոլոր հարցադրումներին։ Տիգրան Եգորյանը ներկայացրեց միջնորդություն, որպեսզի դատարանը իր հնչեցրած հարցերը ուղղի ամբաստանյալին։ Դատարանը մերժեց Տիգրան Եգորյանի միջնորդությունը։
Նորայր Հայրապետյանը նշեց. «Իմ սկզբնական ցուցմունքում ամեն ինչ ճիշտ է, միայն այս հատվածը, որ միայն ես եմ հարվածել Ավետյանին, դա չէի ներկայացրել։ Մնացած բոլորը ճիշտ են։ Ես շատ կուզենայի, որ կամերաները աշխատեին և տեսնեիք, որ այս ամենը ճիշտ է։ Հիմա եմ այս ամենը ասում, որովհետև անմեղ մարդիկ են դատվում»։