տուն Քաղաքական Այ ձեր ցավը տանեմ, ինչի՞ եք ամեն անգամ հասնում առվին, ասում եք՝...

Այ ձեր ցավը տանեմ, ինչի՞ եք ամեն անգամ հասնում առվին, ասում եք՝ կթրջվենք

244
0

ԱԺ-ում շարունակվում է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին նախագծի քննարկումը, որին դեմ է խորհրդարանական ընդդիմությունը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթն սկսեց երեք խմբակցությունների միջև առկա բաժանարար գծերի մասին ակնարկով՝ այն անվանելով «Վհուկների և մեր առաքելության մասին»։

Միրզոյանը ելույթում շեշտեց, որ հասարակությունն արագ լուծումների է սպասում, և հերթական անգամ ապացուցվելու է, որ իրենք ճիշտ են։

«Բոլոր ինստիտուտները ոչ թե զրոյից, այլ մինուսից սարքելու ենք, և դա անելու ենք հանգիստ, առանց պանիկայի, ծայրահեղությունների տրվելու, վհուկների որս չի լինելու, ամեն ինչ լինելու է օրենքով»,- ասաց նա։

Խոսելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մասին՝ Միրզոյանը նրանց կոչ արեց թև-թիկունք լինել և միանալ նոր Հայաստան կառուցելու գործին՝ շեշտելով, որ նրանք շարունակ գնում են հին հարաբերությունների հարթություն․ «Մենք ձեզ ձեռք ենք մեկնել։ Մեզ հետ միասին, ինչպես բոլոր քաղաքական ուժերը, կառուցեք նոր Հայաստանը։ Սա իրավական հարց է, հասարակությունը չի վստահում Սահմանադրական դատարանին։ Մենք հարցը պետք է լուծենք ոչ թե դուռը փակելով, այլ ինստիտուցիոնալ ճանապարհով, սահմանադրական փոփոխություններով, հանրաքվեով։ Սա հնարավորություն է մեր պարզած ձեռքը օդում չթողնելու»։

Միրզոյանը խորհուրդ տվեց հաշտվել, որ Հայաստանը լինելու է ժողովրդավար երկիր։

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», նա նշեց, որ մի ժամանակ անգամ միասին նույն դաշինքում են եղել և շատ գաղափների շուրջ համամիտ են եղել, իսկ այսօր հարկավոր է միասնաբար ստեղծել ժողովրդավար երկիր․ «Այ ձեր ցավը տանեմ, ինչի՞ եք ամեն անգամ հասնում առվին, ասում եք՝ կթրջվենք։ Շատ ժողովրդավար օրենքի նախագիծ է ներկայացված։ Վհուկների որս չի լինելու, ոչ ոք օրենքից դուրս չի դատապարտվելու, բայց այո՛, ՍԴ շուրջ կա ճգնաժամ»,- ասաց նա՝ շեշտելով, որ մարդիկ վերջնական արդարադատությունը սպասում են հենց ՍԴ-ից և վերջ ի վերջո, ՍԴ նախագահը Հայաստանի արարողակարգով 4-րդ մարդն է, և հարցը պետք է լուծվի։