Այս գիշեր այրել են տրանսվեստիտ Կարաբինայի բնակարանի դուռը: Այս մասին Araratnews.am-ի հետ զույցում հայտնեց հենց ինքըˋ Կարաբինան:
«Ես պատրաստվում էի մեկնել Հայաստանից: Մոտիկ մարդիկ շատ ունեմ, որոնք գիտեն ինձ: Չեմ կարող ասել իմ ծանոթ մարդկանցից են արել, թե ոչ, բայց կասկածում եմ: Ես գիշերները ուշ եմ քնում միշտ, ժամը 4-ից մինչեւ առավոտը 11-ը: Ես քնած եմ եղել ու այդ ժամանակահատվածում են եկել այրել դուռը»,-ասում է Կարաբինան:
Նա նշում է, որ մենակ է ապրում, սակայն չի ցանկանում դեպքի հետ կապված դիմել ոստիկանություն:
«Իմ անձնական կյանքի հետ կապված են տենց բան արել: Կարող է հիմա իմ հարեւանը արած լինի, կարող է՝ իմ ծանոթներից մեկը: Ես չեմ կարող հաստատ իմանալ, թե ով է արել, իսկ ոստիկանություն չեմ ուզում դիմել, հաստատ չեն գտնի, ու ես խայտառակ կլինեմ: Եթե ոստիկանությունից գան, հարեւանները կտեսնեն, կասեն ինչ է կատարվում, ինչի մեր դուռը չեն վառում, հենց քո դուռն են վառում ու անիմաստ կխայտառակվեմ»,-ասում է Կարաբինան:
Այն հարցին, թե նախկինում եղե՞լ են դեպքեր, որ իր նկատմամբ բռնություն կիրառվի, նա պատասխանեց, որ միջադեպեր եղել են:
«Առաջ եղել է դեպք, որ 11 տղա եկել են, դուռս առանց ասելու բացել են ու ներս մտել: Իրանց իմ կյանք էր հուզում, ինձ ասում էին, ո՞վ ես դու, ի՞նչ ես անում: Հրահրում էին, որ կռիվ լինի, բայց ես թույլ չեմ տվել որ կռիվ լինի»,- նշում է Կարաբինան: