Ինչպես արդեն գրել էինք, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Իտալիայի հավաքականի հետ խաղից առաջ հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին:
Վերջինս խոսելով Մխիթարյանի մասին նշել է, որ նա հավաքականի ոգին է ու առաջատարը, սակայն միայն Մխիթարյանով չի որոշվում խաղի արդյունքը ու միայն նա չէ, որ բաց է թողնելու Իտալիայի հետ հանդիպումը: Ապա Խաշմանյանը պատասխանել է իտալացի լրագրողի հարցին, թե արդյո՞ք հայ մարզիչը համարում է Իտալիայի հավաքականին «Եվրո 2020»-ի ֆավորիտներից մեկը:
«Այսօրվա դրությամբ այս հավաքականին համարում եմ ոչ թե Եվրոպայի, այլ աշխարհի լավագույն հավաքականներից մեկը ու հավատացած եմ, որ այդ հավաքականը հասնելու է մեծ հաջողությունների»,- պատասխանել է Խաշմանյանը:
Ինչ վերաբերում է այսօրվա խաղին, ապա Խաշմանյանն ասել է, որ չնայած մեծ թվով առանցքային խաղացողների բացակայությանը, հավաքականը ձգտելու է առավելագույնն անել: