Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:
ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:
Իր ելույթում Արման Թաթոյանը մասնավորապես նշեց.
«Հարգելի պատգամավորներ, այս բարձր ամբիոնից հպարտությամբ պետք է առանձնացնեմ 2019 թվականի մեր գլխավոր ձեռքբերումը. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող միջազգային անկախ հանձնախումբը վերջնականորեն հաստատեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր՝ «A» միջազգային կարգավիճակի վերաշնորհումը, միջազգային անկախ հանձնախմբի պաշտոնական եզրակացությամբ ամրագրված է՝ մեջբերում եմ թարգմանաբար. «Գովելի են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ջանքերը, որոնք ուղղված են երկրում մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանը՝ չնայած նրան, որ աշխատանքը տարվում է մարտահրավերների պայմաններում»: Հանձնախումը հատկապես դրական է համարել այն, որ Մարդու իրավունքների պաշտպանը զգայուն հարցերի վերաբերյալ արտահայտում է օբյեկտիվ հրապարակային որոշումներ: Հատուկ նշում եմ, որ այս եզրակացությունը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության գնահատմանը 2016 թվականից սկսած: Այս գնահատականը ՀՀ-ի համար ժողովրդավարության բարձր իմիջի կարևոր ցուցանիշ է»: