տուն ժամանց Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է

Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է

363
0

Այսօր ազգությամբ հայ, ամերիկյան ռեալիթի-շոուի հեռուստաաստղ, մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյան-Ուեսթի ծննդյան օրն է: Լրանում է նրա 39-ամյակը:

Կենսագրական տվյալներ

Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա): Հոր կողմից նա ունի հայկական, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր Քրիս Ջեները։ Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է թեթև ատլետիկայի հայտնի մարզիկ Բրյուս Ջեների հետ: Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին: Քիմն ունի երկու հարազատ քույր՝ Քորթնին և Քլոյեն, և մեկ հարազատ եղբայր՝ Ռոբը: Քենդալ և Քայլի Ջեներները նրա խորթ քույրերն են:

Ամուսնություններ

Քիմը երեք անգամ ամուսնացել է։ Առաջին անգամ նա ամուսնացել է Դեյմոն Թոմասի հետ: Քարդաշյանը երկրորդ անգամ ամուսնացել է բասկետբոլիստ Քրիստ Համֆրիզի հետ, սակայն ամուսնությունից 72 օր հետո նրանք բաժանվել են: Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ: 2014 թվականի մայիսին նրանք Ֆլորենցիայում (Իտալիա) ամուսնացել են: Զույգն ունի երկու դուստր և երկու որդի:

Կրոնը

Քարդաշյանը քրիստոնյա է ու իրեն «իրական կրոնավոր» է համարում: 2019 թ. նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մկրտվեց՝ ստանալով Հեղինե անունը: Նրա չորս երեխաները՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն և Փսալմը, նույնպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են: Նշենք, որ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, վերջերս հայտարարեց դավանափոխ լինելու և քրիստոնեություն ընդունելու մասին:

Կարիերան

Քարդաշյանի աստղային կարիերան սկսվել է 2006 թվականին: Նա ամերկյան հեռուստաաստղ Փերիս Հիլթոնի հետ հանդես էր գալիս The Simple Life ռեալիթի-շոում: 2007-ին հեռարձակվեց Keeping Up with the Kardashians ռեալիթի-շոուն: 2010-ի հուլիսի 1-ին Մադամ Տյուսոյի թանգարանում կանգնեցվեց Քիմ Քարդաշյանի մոմե արձանը:

2014 թվականից սկսած՝ Քարդաշյանը կենտրոնացել է սոցիալական մեդիայի վրա: Facebook-ի, Twitter-ի, Instagram-ի իր էջերի միջոցով նա գովազդում է սեփական ապրանքանիշները: Twitter-ում Քարդաշյանն ունի 62.2 մլն, իսկ Instagram-ում՝ 149.7 մլն հետևորդ:

Քարդաշյանն ու Հայաստանը

Քարդաշյանն առաջին անգամ Հայաստան է այցելել 2015 թվականի ապրիլի 8-ին՝ Քանյե Ուեսթի, դուստրերի և Քլոյե Քարդաշյանի հետ: 2015 թվականի սեպտեմբերին նրանց այցելության տեսագրությունը ցուցադրվել է «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շոուի եթերում: 2019 թվականի հոկտեմբերի 7-ին Քիմ ու Քորթնի Քարդաշյանները երեխաների հետ ժամանեցին Հայաստան: Քարդաշյանը մասնակցեց WCIT համաժողովին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here