Արցախում կայացած համապետական ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր՝ 7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր կստանձնի իր լիազորությունները. Արցախի նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված` ԱՀ ԱԺ-ն կգումարի հատուկ նիստ, որը տեղի կունենա Շուշիի մշակույթի պալատում:
Ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքներով Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը:
Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների արդյունքներով Արցախի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են քաղաքական 5 ուժեր: Պատգամավորական 33 մանդատներից 16-ը ստացել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, 9-ը՝ «Միասնական հայրենիք», 3-ական՝ Արցախի «Արդարություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» ու 2-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները:
Տեղեկացնենք, որ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի յութուբյան ալիքով, Արցախի հանրային, Հայաստանի հանրային, Արմենիա, Շանթ, Երկիր մեդիա և ԱՐ հեռուստաընկերություններով: