ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո ինձ գրավոր դիմեց մի կին, ով հայտնվել էր դժվար վիճակում. արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների պատճառով չէր կարողանում միանալ իր ընտանիքին՝ երեք երեխաներին և ամուսնուն:
Ընդ որում, ստացվել էր այնպես, որ կինը չէր կարողանալու իր ընտանիքին տեսնել մեկ ամիս: Այդ պատճառով նաև իր մանկահասակ երեխան էր հայտնվել վատ հոգեբանական վիճակում:
Այդ օրը երեկոյան՝ դիմումից անմիջապես հետո հարցը քննարկեցի Հայաստանում արտակարգ դրության պայմաններում պարետ նշանակված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի (Tigran Avinyan) հետ: Այդ ողջ գիշեր համատեղ շուրջօրյա աշխատանքի արդյունքում (կինը նույնպես մեզ հետ կապի մեջ էր) հնարավոր եղավ լուծել առաջ եկած խնդիրը և այսօր կինը միացավ իր երեխաներին ու ամուսնուն։
Այս դրական պատմության օրինակով պետք է բարձր գնահատեմ արտակարգ դրության պայմաններում
Պարետի նման պատրաստակամությունը, արագ արձագանքը և կոնկրետ դեպքերին անհատական մոտեցումը։
Այնպիսի իրավիճակներում, ինչպիսին արտակարգ դրությունն է, հատկապես է կարևոր հենց այս օրինակով պետության արագ արձագանքը մարդու իրավունքների հարցերին և անհատական մոտեցումը»։