Նիկոլ Փաշինյանն ԱԺ այսօրվա նիստում հիշել է ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի նախկին աղմկոտ ելույթները, երբ նա ամբիոնից խոսում էր չարաշահումների մասին` ցույց տալով մալուխներ: Նրա խոսքով` հիմա հանրությանը հետաքրքրում է` ի՞նչ եղավ այդ բացահայտումների վերջը, որովհետև ամբիոնից հնչել են մեղադրանքներ:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ ՎՊ աշխատանքային խորհրդակցությանը, երբ Իշխան Զաքարյանին մի շարք դիտողություններ են արվել, մասնավորապես, որ 700 միլիարդ դրամի հատվածը դրվել է կասկածի տակ՝ առանց հիմնավորման, Նիկոլ Փաշինյանը հարցրել է, թե ինչ կարծիք ունի Իշխան Զաքարյանը դատախազության մասին: «Ի դեպ հետաքրքիր է` այսօր բերե՞լ եք Ձեր հետ կաբել: Էն կաբելն ի՞նչ եղավ: Չեմ կարծում, թե թեման պետք է փակել: Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կրկին ձեր թեկնածության առաջադրումը նշանակո՞ւմ է արդյոք, որ այլևս կասկածի տակ չեք դնելու բյուջեի 700 միլիարդ դրամի հարցը և գործող իշխանության ազնիվ և օրինական լինելը»,- հարցրել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ կոնկրետ պատասխան է ուզում լսել Իշխան Զաքարյանի առանձնատան հետ կապված, թե որտեղից է առանձնատան գումարը:Իշխան Զաքարյանը պատասխանել է, որ խնդիրը կաբելի մեջ չէ: ՎՊ-ի բացահայտումներին կառավարությունը կամ համաձայնում է, կամ` հակադարձում: Վերջին դեպքում դիմում է դատախազություն: Ինչ վերաբերում է առանձնատանը, նա պատասխանել է, որ բացատրությունն արդեն տրվել է դեռևս երեք տարի առաջ «Իրավունք» թերթում, իսկ մանրամասն իմանալու համար՝ ԱԺ ամբիոնը տեղին չէ, և ինքը կարող է տրամադրել ցանկացած փաստաթուղթ: Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձել է, որ ԱԺ-ն հենց այն ամբիոնն է, որտեղից քաղաքացիները պետք է լսեն կարևոր հարցերի մասին: «Սա մամուլի ակումբ չէ, որ հղում եք անում գերատեսչության մարմիններին կամ կայքերին: Դա իմ անձնական խնդիրը չէ, ունե՞ք պատասխան, ասեք, թող հանրությունը իմանա»,-նշել է պատգամավորըˋավելացնելով, որ ինքը դեմ է քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը:
Էմմա Պալյան