Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի բնակիչների համար ամենակարևոր խնդիրն այսօր ոռոգման ջրի և ճանապարհների կառուցման հարցն է:
Գյուղի փոշոտ և քարքարոտ ճանապարհներին վազվզում են երեխաները: Անցնող մեքենաներից փոշին ավելի է բարձրանում և նստում տների տանիքներին:
«Էս փողոցները կարգին չեն, սաղ փոշի է: Տաթևի ճոպանուղին սարքել են ու գյուղում էլ բան չեն անում: Գյուղացիները հիմնականում այգի են մշակում, անասուն պահում, գյուղում ուրիշ ոչ մի գործ չկա անելու»,-ասում է հալիձորցի Հակոբ Հարությունյանը Araratnews.am-ի հետ զրույցում:
Գյուղն ունի 600 բնակիչ: Հալիձորից Տաթևի ճոպանողում աշխատում է ընդամենը 2-3 հոգի:
«Ճոպանուղին, որ կառուցում էին, ես շինարարության վրա աշխատում էի: Մեր գյուղից էլ շատերն էին աշխատում ճոպանողու կառուցման ժամանակ, բայց հիմա վերջացել է, էլ աշխատանք չունենք: Մեզ խոսք էին տվել, որ գյուղի ճանապարհները կսարքեն, լույսեր կդնեն փողոցներին, բայց մի բան էլ չեն արել»,-ասում է Հարությունյանը:
Հալիձորցի մեկ այլ բնակիչ՝ Սյունիք Առաքելյանը պատմում է, որ երկու տարի առաջ Ռուսաստանից ընտանիքով հետ է վերադարձել գյուղ: Նա ապրում է երեք երեխաների և կնոջ հետ:
«Ութ տարի ապրել եմ Ռուսաստանում, այնտեղ են իմ բարեկամությունը, քույրս, եղբայրս: Ռեմոնտի գործ էի անում: Հայրս որ մահացավ, հետ եկանք Հայաստան ու մնացինք նորից Հալիձորում: Այստեղ էլ եմ հիմա ռեմոնտի գործ անում: Այստեղ որ աշխատանք լինի, Հալիձորից լավ տեղ չկա, ուղղակի վճարն է շատ քիչ»,-ասում է Սյունիք Առաքելյանը:
Նա նշում է, որ Ռուսաստանում նույն աշխատանքով երեք անգամ շատ գումար էր վաստակում:
«Գյուղից դուրս պատվերներ էլ եմ անում, բայց դե քիչ է, գյուղն էլ փոքր է : Գործը անում եմ. թե հիմա կվճարեն՝ կվճարեն, թե չէ՝ չէ: Մեր գյուղն է էլի»,-ասում է Սյունիքը ու հավելում, որ Հալիձորը իր համար աշխարհի ամենալավ տեղն է: