Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Էրդողանի քննադատությանը, որը վերաբերում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Այս մասին Փայլանը գրել է Twitter-ի միկրոբլոգում:
«Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ասաց. «Այս հարցը պատմաբանների գործն է: Այս հարցը հնագետների գործն է: Այս հարցին թող քաղաքական աստառ չտան»:
Պատմաբանները չեն կարող առերեսվել այն ցեղասպանության հետ, որը Թալեաթ փաշայի քաղաքական որոշմամբ է իրագործվել… Այն, ինչ տեղի է ունեցել իմ (հորական) տատի հետ չի կարող լինել հնագետների հարցը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ էր քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չէր մասնակցել քվեարկությանը:
Բանաձևի ընդունմանը կոշտ արձագանք էին տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և իշխանական վերնախավի այլ ներկայացուցիչներ:
Erdoğan Ermeni Soykırımı için:
— Garo Paylan — Կարօ Փայլան (@GaroPaylan) October 30, 2019
“Bu iş tarihçilerin işidir. Bu iş arkeologların işidir. Bu işe bir siyaset gömleği giydirilmesin.” dedi.
Talat Paşa’nın siyasi bir kararla uyguladığı soykırımla tarihçiler yüzleşemez…
Babaannemin yaşadıkları arkeologların meselesi olamaz…