ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց նրանց հարցերին:
Լրագրողներից մեկը ասաց, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն ասել է, թե հաջորդ իշխանությունների օրոք գործող պատգամավորները դատվելու են. կա՞ն արդյոք անօրինական գործողություններ, որ Մինասյանը նման բան է ասել:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողի հարցին ի պատասխան ասաց. «Պարոն Մինասյանը պետք է զբաղվի իր հետ կապված քրեական գործերով, ոչ թե «հոգա» իրենց աշխատանքը կատարող պատգամավորների մասին»։
Ալեն Սիմոնյանը Մինասյանի երևակայական մտքերի արտահայտման մասին էլ այսպես ասաց. «Ես կարծում եմ, որ այն հեքիաթները, այն ֆանտազիաները, այն երազախաբությունը, որը պարոն Մինասյանը վերապրում է և հաճախ դրանք եթեր է բաց թողնում, իմ կողմից և շատ շատերի կողմից մեկնաբանության կարիք, այնուամենայնիվ, այսքան հաճախ չունեն: Ես հասկանում եմ, որ մեդիա դաշտում պարոն Մինասյանը դեռ ազդեցություն ունի, բայց ժամանակին, երբ մեդիա դաշտն ամբողջությամբ պատկանում էր Միքայել Մինասյանին և իր աներոջը` Սերժ Սարգսյանին, իրենց չօգնեց»:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անհետաքրքիր է համարում տարբեր ցնդաբանություններին լուրջ մեկնաբանություններ տալը: Սիմոնյանը նաև ընդգծեց, որ Մինասյանը չի կարող ամբողջ կյանքում հետախուզման մեջ մնալ: ԱԺ փոխնախագահը վստահեցնում է, որ ցանկացած հետախուզվող և թաքնվող մարդ պետք է վստահ լինի, որ պատասխանատվությունից խուսափել չի կարող`ժամանակի հարց է:
Հայկ Մագոյան