Այսօր Աժ նիստի ընթացքում Հեռուստատեսության, ռադիոյի մասին և Գովազդի մասին ՀՀ օրենքներում փոփոխություն մտցնելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված իր խոսքում պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Մի կողմից դուք թույլ եք տալիս, որ եթեր հեռարձակվի օղու գովազդ, մյուս կողմից՝ Հանրայինին արգելում եք գովազդ հեռարձակել: Եթե խոսքը գնում է հանրության մասին, հանրությունը ունի-չունի էդ մի ալիքն ունի: Ես այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ եմ տեսնում: Հանրային հեռուստաընկերությունը դադարում է լինել հանրության կոմունիկացիայի հիմնական միջոցը:
Այսօր մարդիկ կան, որ ունեն 4-5 հեռուստատեսություն: Նրանց մասին մենք բոլորս գիտենք, օրինակ՝ Վատիկանում Հայաստանի դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Ամեն ինչ արվում է, որպեսզի ոլորտը կենտրոնանա նրա ձեռքում: Հանրայինը անկախությունը վաղուց է կորցրել, եղել է իշխանությունների ձեռքում: Դա գաղտնիք չէ:
Էս օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում գոյանում է մեկուկես մլրդ դրամի գովազդային գումար: Սա՝ պաշտոնական տվյալներով, ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը եռակի ավելանում է: Ուսումնասիրեք՝ կտեսնեք, որ այդ գումարների 90 տոկոսը գնալու է Միքայել Մինասյանին պատկանող հեռուստաընկերության բյուջե»: