Ճիշտ երկու տարի առաջ մեկնարկեց հայ-նորվեգական գիտակրթական ծրագիրը, որն ամփոփվեց սեպտեմբերի 25-26-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի փոքր դահլիճում՝ միջազգային գիտաժողովով: «Նորվեգիա-Հայաստան. գործակցություն բույսերի մոլեկուլային կենսաբանության եւ կենսատեխնոլոգիայի բնագավառում՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» խիստ արդիական թեման հնարավոր եղավ իրականացնել բարձրագույն կրթության Բնագավառում միջազգային համագործակցության եւ որակի բարելավման նորվեգական գործակալության աջակցությամբ: Հայաստանը ներկայացնում էին ՀԱԱՀ-ը եւ ԵՊՀ-ն, Նորվեգիան՝ Արկտիկական համալսարանն ու կենսատնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտը: Ողջունելով ներկաներին, Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը կարեւորեց օրինակելի ծրագիրը: Նշեց, որ ՀԱԱՀ-ն արմատական բարեփոխումների, հնացածից ձերբազատվելու, ուսումնական գործընթացի բոլոր բաղադրիչները արդիականացնելու պատասխանատու շրջափուլում է: Եւ միջազգայնացումը, հավատարմագրումը այսօր գլխավոր ուղենիշ են հանդիսանում բուհի համար: Ռեկտորը շեշտեց նաեւ, որ ցանկացած հաջողված գործ անհատների համագործակցություն է: Նորվեգիայի արկտիկական համալսարանի ռեկտոր Աննե Հուսեբեկն ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում եւ խիստ տպավորված է: Նա եւս բարձր գնահատեց բուհական համագործակցության լավագույն օրինակ հանդիսացող այս ծրագիրն ու հույս հայտնեց, որ շարունակություն կունենա: Այնուհետեւ ելույթ ունեցան ծրագիրը մտահղացող-իրականացնողները՝ Աննա Ավետիսյանը, Լաուրա Ջաակոլան, հայկական կողմից համակարգող՝ Զառա Հարությունյանը: Ծրագիրն իրականացնելիս ինչո՞ւ ընտրվեց Հայաստանը: «Իսկ պատասխանն ավելի քան հասկանալի է»,-ասում է նորվեգուհին՝ Լաուրան,-«Որովհետեւ Հայաստանը երկրագործության բնօրրանն է»: Ցանկացած ամփոփում հետահայաց արժեւորում է ենթադրում: Նրանք պատմեցին մեկնարկի, ծրագրի բաղադրիչների, արշվախմբային, լաբորատոր համատեղ հետազոտությունների իրականացման մասին: Չնայած ծանրաբեռնված առօրյային, չի անտեսվել նաեւ մշակութային փոխշփումը: Գիտաժողովն այս օրինակելի գործակցության օրինաչափ հանգրվաններից մեկն էր: Թեեւ աշխատանքային լեզուն բացառապես անգլերեն էր, դահլիճում էին ոլորտի եւ ավագ սերնդի, եւ երիտասարդ ներկայացուցիչները: Հրավիրյալ բանախոսները համակողմանիորեն ներկայացրին արդիական թեմաներ, որոնց շուրջ ծավալվում էին մտքերի փոխանակություն, շահագրգիռ քննարկումներ: Իրենց գիտական առաջին հետազոտությունների արդյունքերը ներկայացրին նաեւ ուսանողները: