Այսօր միգրանտների միջազգային օրն է: Այս տարվա հունվարից սեպտեմբեր ամիսներին տրանսպորտային ուղեւորափոխադրումներով Հայաստանից մեկնել է 1. 888 165 մարդ: Բացասական սալդոն մեկնողների եւ ժամանողների միջեւ կազմել է 1008005:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը: Նա նշեց, որ միգրանտների հստակ հաշվառում Հայաստանում գոյություն չունի եւ միգրանտների տվյալները ստացվում են անուղղակի ճանապարհովˋ հետազոտության կամ ռեսուրս կենտրոնների ուսումնասիրությամբ:
«Մեկնողների 80 տոկոսը աշխատանքային միգրանտներ են, որոնց 90 տոկոսից ավելին մեկնում է Ռուսաստան: Սեռային բաշխվածքը բավականին երկար տարիներ չի փոխվում, 77 տոկոսը տղամարդիկ են եւ 23 տոկոսը կանայք: Կանանց հիմնական մասը միգրանտների ընտանիքից են: Տարիքային խումբը հիմնականում 26-55 տարեկանն են»,-ասում է Բեժանյանը:
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն աշխատում է նաեւ մարզերում եւ տրամադրում խորհրդատվություն ինչպես արտագաղթողների, այնպես էլ ներգաղթողների համար: Կենտրոնը աշխատում է հիմնականում Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում:
Մեկնողների մեծ մասը, ըստ ՀԿ-ի ներկայացրած տվյալների, ունեն միջնակարգ կրթություն: Իսկ նրանք, ովքեր ունեն բարձրագույն կրություն՝ արտերկրում, Բեժանյանի խոսքերով, կատարում են ոչ մասնագիտական աշխատանք:
«Մարդկանց մեծ տոկոսի մոտ իրազեկվածության պակաս կա: Մարդիկ շատ հաճախ գնում են, չիմանալով, թե ուր են գնում։ Անգամ Ռուսաստանի Դաշնություն գնալիս՝ հստակորեն պատրաստված չեն, սկսած նրանից, թե օդանավակայանում ինչ միգրացիոն թերթիկ է պետք լրացնել, կամ ինչ պետք է ներկայացնել աշխատանքի թույլտվություն ստանալու համար»,-ասում է Բեժանյանը:
Նա հավելում է, որ աշխատանքային միգրանտներից շատերը, ովքեր շահագործվում են դրսում, ետ վերդառնալով Հայաստան՝ չեն բարձրաձայնում այդ մասին:
«Շատերը մտածում են, թե շատ ամոթ է, որ հայ տղամարդը շահագործվել է դրսում: Մենք բացատրում ենք, որ քրեական հանցագործություն է դա, պետք բարձրաձայնեն, միգուցե փոխհատուցում ստանան, բայց միեւնույնն է՝ լռում են: Առհասարակ աշխատանքային միգրանտների ռիսկերը շատ են ու հիմնական պատճառը իրազեկվածության պակասն է: Օրինակˋ միայն 2012-ին գրանցված ՄԻԱՎ-ի բացահայտած դեպքերի 8 2 տոկոսը միգրանտներ են, կամ միգրանտի ընտանիքի անդամ»,-ասում է Բեժանյանը:
Դրսում աշխատող միգրանտների բանկային ճանապարհով փոխանցած գումարները կազմում են ՀՀ-ի ՀՆԱ-ի 20 տոկոսը: