ԱՄՆ Սենատի կոմիտեն սեպտեմբերի 27-ին ընդունել է լրացում՝ ուղղված Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրելուն՝ հաջակցություն ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների: Այս մասին հայտնում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատակազմից։
Ըստ հաղորդվող տեղեկության՝ սենատորներ Լինդսի Գրեմի եւ Քրիս վան Հոլենի առաջարկած նախաձեռնությունը միաձայն ընդունվել է Սենատի կողմից։
Նշվում է, որ այդ հատկացումները նախատեսվում են ի հավելումն երաշխավորված 17,6 մլն դոլար հատկացումների՝ Տնտեսական աջակցության եւ զարգացման հիմնադրամից, 1,5 մլն դոլար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600 հազար դոլար միջազգային ռազմական կրթության եւ պրոֆեսիոնալ պատրաստման եւ 1 մլն դոլար օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման համար։
Նշենք, որ Սենատը հավանություն է տվել Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման պարիտետին։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ Սենատը նշել է, որ «մտահոգ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձգձգված հակամարտությամբ եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին»։