Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին (ANCA), նշելով, որ Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ արտահայտի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մենք երբեք չպետք է մոռանանք ու լռենք այն սարսափելի իրողության մասին, որը հանգեցրեց 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և 2 մլն հայերի զանգվածային տեղահանման` իրենց տներից:
Եթե մենք չճանաչենք այն ամբողջովին, չհիշենք և մեր երեխաներին չփոխանցենք, «այլևս երբեք» բառերը կկորցնեն իրենց նշանակությունը: Ցեղասպանության փաստը հիշել չկարողանալն ու չընդունելը միայն նոր ուղիներ է բացում ապագայում զանգվածային չարագործությունների համար»,- գրել է Բայդենը:
ԱՄՆ նախկին փոխնախագահ և սենատոր Ջո Բայդենը մշտապես իր դիրքորոշումն է արտահայտել Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ: