Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը Իրանում կոչ է արել Facebook, Instagram և Twitter ընկերություններին արգելափակել Իրանի ղեկավարության սոցիալական կայքերի օգտահաշիվները: Այս մասին հաղորդում է tert.am-ը:
«Սա ծայրաստիճան կեղծավոր ռեժիմ է։ Ղեկավարն արգելափակում է համացանցը, սակայն կառավարությունը շարունակում է օգտագործել սոցիալական կայքերի բոլոր հաշիվները։ Facebook, Instagram և Twitter ընկերություններին ուղղված մեր կոչերից մեկն է արգելափակել գերագույն առաջնորդ (Ալի) Խամենեի, արտաքին գործերի նախարար (Մոհամմադ Ջավադ) Զարիֆի և նախագահ (Հասան) Ռոհանիի օգտահաշիվները, մինչև նրանք ժողովրդի համար համացանցը նորից հասանելի չդարձնեն»,- հայտարարել է Հուկը, որի ելույթը տեղադրված է Պետդեպարտամենտի Twitter-յան հաշվում:
«Այժմ ռեժիմը արգելափակել է համացանցը, քանի որ փորձում է թաքցնել բոլոր մահերն ու այն ողբերգությունը, որին ամբողջ երկրում հազարավոր ցուցարարների է դատապարտել», — հավելել է նա:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարությունը, մեկնաբանելով «համացանցային գրաքննության» համար Իրանի նախարարի դեմ կիրառվող ԱՄՆ պատժամիջոցները, նշել էր, թե Վաշինգտոնի համար համացանցի ազատությունը որևէ նշանակություն չունի։