Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ-ի տարածքի մեծ մասում վերջին օրերին հաստատվել են սաստիկ ցրտեր, իսկ ճանապարհները շատ տեղերում սառցակալել են։
Մերկասառույցի դեմ պայքարելու համար շատ նահանգներում, բացի քիմիական նյութերից, օգտագործում են նաև այլ նյութեր։ Ավանդական քիմիական նյութերն արդյունավետ են մինչև -9 աստիճանի դեպքում։ Սակայն, շատ շրջաններում ջերմաստիճանը ցածր է -20-ից։ Վիսքոնսին նահանգում ճանապարհային ծառայությունները ճանապարհները մշակում են պանրի արտադրությունից մնացած շիճուկով։ Նահանգային իշխանությունները նշում են, որ այն, աղի պարունակության շնորհիվ, թույլ չի տալիս ճանապարհային շերտին սառել, իսկ արտադրողներն այն անվճար են տրամադրում։
Նյու Յորքում և Փենսիլվանիայում մերկասառույցի դեմ պայքարում են բազուկի հյութով, որը մնում է շաքարի արտադրությունից հետո։ Մյուս նահանգներում օգտագործում են նաև կարտոֆիլի հյութ և շաքարաջուր։