ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ», MMF) ոչ կառավարական կազմակերպությունը, որը ստեղծվել է ԱՄՆ–ում թուրքական համայնքի կողմից, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Ինչպես տեղեկացնում է Mirror spectator–ը, հիմնադրամը, որի գործունեությունը կապում են նաև թուրք իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, կողմ է քվեարկել Ցեղասպանության ճանաչմանը մարտի 7–ին։
Կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ MMF–ն երեք տարի առաջ հանձնաժողով է ստեղծել 1915–ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով։ «Այդ երեք տարիների ընթացքում հանձնաժողովի անդամները դասախոսությունների և քննարկումների են այցելել Օսմանյան և Հայոց պատմություններն ուսումնասիրող մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև հանդիպել են Ցեղասպանությունից փրկվածների ընտանիքների անդամների հետ, վավերագրական ֆիլմեր են նայել»,– ասվում է հաղորդագրության մեջ։
20 հոգանոց հանձնաժողովը երեք տարվա աշխատանքի արդյունքում որոշել է կազմակերպության խորհրդում քվեարկության ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
MMF–ն ստեղծվել է 2003 թվականին և իրեն ներկայացնում է որպես մի կազմակերպությունը, որը կոչված է հասարակության շրջանում բարոյական դաստիարակությանն ու մշակութային արժեքներին աջակցելու՝ հանդուրժողականության և երկխոսության խրախուսման միջոցով: